1000х90.jpg (78 KB)

Ինչ կտա Հայաստանին Standard&Poors-ի կողմից վարկանիշ ստանալը. մեկնաբանում է Ներսես Երիցյանը

Armenpress 17:54, 15 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշորագույն վարկանշային կազմակերպությունների կողմից վարկանշվելու արդյունքում և մասնավորը, և պետությունը կարող են էապես էժանացնել իրենց ներդրումների ներգրավումը միջազգային շուկաներից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ անդրադառնալով հեղինակավոր Standard&Poors վարկանշային կազմակերպության կողմից ՀՀ կառավարության վարկանշմանը և դրական հեռանկարով սուվերեն վարկանիշի շնորհմանը:

Standard&Poors վարկանշային կազմակերպությունը 2021 թ. հոկտեմբերի 12-ին առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով:

Երիցյանի խոսքով՝ աշխարհի 3 խոշորագույն ընկերությունների (Standard&Poors, Moody's, Fitch) կողմից վարկանշավորումը ներդրողների համար ապահովում է անաչառ, բազմակողմի վերլուծության հնարավորություն, որ կարողանան իրենց ներդրումները կատարել պետությունում:

«Ռեյտինգը թույլ է տալիս ճիշտ որոշել շուկայական գինը տվյալ երկրի՝ և մասնավոր, և պետական պարտքի համար: Այսինքն, եթե չունես ռեյտինգ, հատկապես միջազգային հեղինակավոր կազմակերպություններից, ապա քո պարտատոմսերի համար գինը որոշվում է արբիտրաժ կերպ, և այդ դեպքում սովորաբար ներդրողները ավելի մեծ շահույթ են ակնկալում՝ ռիսկերը կառավարելու, քանի որ տեղեկացված չեն, ինֆորմացիան ճշտված չէ, ինչ-որ մեկը մոնիթորինգ չի անում զարգացումները: Ռեյտինգի դեպքում և մասնավորը, և պետությունը կարող են էապես էժանացնել իրենց ներդրումների ներգրավումը միջազգային շուկաներից»,-ասաց Երիցյանը:

Միջազգային ռեյտինգ ունեցող ընկերությունների համար նորմատիվային դաշտում ավելի մեղմ պահանջներ կան, դա նշանակում է, որ այդ ընկերությունների նկատմամբ տոկոսադրույքներն ավելի մեղմ կլինեն կամ վարկավորման պայմաններն՝ ավելի մատչելի:

Ռեյտինգային ընկերությունները գնահատում են ոչ միայն դեֆոլտի հավանականությունը, այլ նաև, թե երկիրն ինչքանով է կայուն բիզնես և կայուն տնտեսական քաղաքականություն իրականացնում:

Երիցյանը նկատեց՝ մակրոտնտեսական ինստիտուտների կայացվածության մակարդակը Հայաստանում գնահատվում է շատ բարձր, և դա մեր ռեյտինգների բարելավման լուրջ պայման է  հանդիսանում:

«Գնահատականը շատ հստակ դրված է: Դրամավարկային քաղաքականությունը և ֆինանսական կայունությանն ուղղված մեր քաղաքականությունը գնահատվում են շատ բարձր»,-ասաց Երիցյանը:

ԿԲ նախագահի տեղակալը նշեց նաև. «Առնվազն կառավարության, պետության կողմից բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված են, որ մեր ընկերություններն ավելի թափանցիկ դառնան, ստանան միջազգային ռեյտինգներ, դուրս գան միջազգային կապիտալի շուկաներ, բաժնետիրացվեն և դրանով կարողանան շատ ավելի արագ աճ ապահովել, որը տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունի»:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am