ՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին

Armenpress 16:30, 12 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 95-ամյակի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնել Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ավանդ ունենալու համար: «Սիմոնյանի անվան հետ են կապված հայկական ֆուտբոլի ամենավառ էջերը: Եվս մեկ անգամ շնորհավորելով հոբելյարին՝ մաղթում ենք նրան քաջ առողջություն, երջանկություն և բարեկեցություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը տոնում է ծննդյան 95-ամյակը: Վաստակաշատ, փառաբանված մարզիչը ծնվել է 1926 թվականին: Հայ անվանի ֆուտբոլիստը խաղացել է Սուխումի «Դինամո»-ում (1940), Մոսկվայի «Կռիլյա Սովետով» (1946/48) եւ «Սպարտակ» (1949/59) ակումբներում: ԽՍՀՄ առաջնություններում որպես ֆուտբոլիստ անցկացրել է 267 հանդիպում, խփել` 144 գնդակ: 1956 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն եւ գավաթակիր: ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ: 1973 թվականին Երեւանի «Արարատ»-ը նրա ղեկավարությամբ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր: Սիմոնյանը գլխավորել է նաեւ Մոսկվայի «Սպարտակ»-ը (ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն եւ եռակի գավաթակիր) եւ Օդեսայի «Չեռնոմորեց»-ը, ինչպես նաեւ ԽՍՀՄ հավաքականը (1976/79): Այժմ Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն է:

Ականավոր ֆուտբոլիստն ու մարզիչը պարգեւատրվել է ՖԻՖԱ-ի շքանշանով: Արժանացել է նախկին ԽՍՀՄ բազմաթիվ մեդալների ու շքանշանների: Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» մեդալով, Երևանի պատվավոր քաղաքացի է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am