ՀայՓոստը մինչև 50 տոկոսով իջեցնում է դեպի Եվրոպա ուղարկվող առաքանիների սակագները

Armenpress 15:58, 8 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային ավիափոխադրող ընկերությունների հետ հաջող բանակցությունների շնորհիվ,  ՀայՓոստը դեպի Եվրոպական երկրներ 1 կիլոգրամից ավել ծանրոցների համար առաքման սակագները իջեցրել է 50 տոկոսով՝ յուրաքանչյուր հաջորդ կիլոգրամի համար: Իսկ մանր կապոցների առաքման սակագինն իջեցրել է մոտ 25 տոկոս:

«Համաշխարհային Փոստային Միությունը հոկտեմբերի 8-ին տոնում է Փոստի համաշխարհային օրը, որի առթիվ ՀայՓոստը բացեց նոր, հերթական վերաբրենդավորված փոստային բաժանմունքը: Այն տեխնիկապես հագեցած է և ունի մի շարք նորարարություններ, ինչպես հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ, հանդերձարան, որտեղ հաճախորդը կարող է փորձել առցանց պատվիրված իրերը, բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառք, Wi-Fi հասանելիություն և այլն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀայՓոստ-ից:

Նոր փոստային բաժանմունքի պաշտոնական բացմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

«Արդիականացումից հետո այսօր վերաբացվում է նորացված այս գեղեցիկ, հարմարավետ, տեխնոլոգիական լուծումներով վերազինված փոստային բաժանմունքը։ Օրը նշանակալի է նաև նրանով, որ այսօր Փոստի համաշխարհային օրն է, ինչի առիթով ուզում եմ սրտանց շնորհավորել ոլորտի բոլոր աշխատակիցներին, մաղթել նորանոր ձեռքբերումներ անչափ կարևոր և պատասխանատու իրենց գործունեությունում։ Այն հետևողական աշխատանքը, որն այսօր իրականացվում է «ՀայՓոստ»-ի  աշխատակիցների կողմից, վստահություն է ներշնչում, որ առաջիկայում էլ ավելի կբարձրանա մեր բնակչությանը մատուցվող ծառայությունների  որակը և կընդլայնվի դրանց շրջանակը»,-  նշեց ՀՀ ԲՏԱ նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am