Գյումրու դրամատիկական թատրոնն ազդարարեց 156-րդ թատերաշրջանի մեկնարկը

Armenpress 13:49, 2 Հոկտեմբեր, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 1-ին ազդարարեց  156-րդ թատերաշրջանի մեկնարկը:

Թատերաշրջանն ազդարարվեց Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզի» լիրիկական կատակերգության առաջնախաղով (բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր` Նիկոլայ Ծատուրյանի): Ներկայացման հիմքում մարդու էության մեջ ապրող բարությունն է՝ պարզ, մաքուր և անմիջական:

«Արմենպրես»-ի հետ զրույցում  թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ընդգծեց, որ նոր թատերաշրջանը խոստանում է լինել հետաքրքիր՝ լի անակնկալներով և նոր առաջնախաղերով:

«156-րդ թատերաշրջանը մեզ համար կարևոր է, պատրաստվում ենք 3 նոր առաջնախաղի: Թատերաշրջանը մեկնարկեց «Փրկության կղզի» լիրիկական կատակերգությամբ, հաջորդը լինելու է երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի նոր՝ «Քայլեր»  պիեսը: Այս ներկայացման բեմադրությունն իրականացրել է ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը, ընդգրկված են մեր թատրոնի դերասանները: Դեկտեմբերին էլ կներկայացվի մեր այս տարվա այցեքարտը՝ «Մաուգլի» ներկայացումը»,- նշեց տնօրենը՝ մանրամասնելով, որ և՛ ձևաչափով, և՛ բեմադրաոճով, և՛ դերասանական քանակով «Մաուգլին» գերազանցում է բոլոր ներկայացումները:

«Տարիներ  առաջ եղել է նույնանուն ներկայացում, սակայն այս  «Մաուգլին» կապ չունի դրա հետ: Ասեմ, որ վերջին 10 տարվա ընթացքում նման մասշտաբի ներկայացում դեռ չի եղել: Սա մանկական ներկայացում չէ, թեպետ իրենք էլ կարող են դիտել, բայց երեկոյան ներկայացումների շարքում է: Նկարչական ձևավորումը Գարեգին Եվանգուլյանինն է, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանինն է: Ներկայացման համար հատուկ հրավիրել ենք բեմական շարժման մասնագետ, խորեոգրաֆ Ալիկ Ասատուրյանին: Գյումրու տարբեր թատերական խմբերից հրավիրվել են դերասաններ, թատերականի ուսանողներ, խմբեր  են հրավիրված նաև Երևանից թվով 70-ից ավելի կերպարներ են ներկայացված»,-հավելեց Լյուդվիգ Հարությունյանը: 

Ի հիշատակ ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված կոմպոզիտոր Հայկ Հակոբյանի՝ դահլիճը մինչ ներկայացումը մեկ րոպե լռությամբ հարգեց նրա հիշատակը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am