Հակոբ Արշակյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը

Armenpress 17:55, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից՝ մանրամասնելով, որ կողմերն անդրադարձել են Ազգային ժողովի աշխատակազմի կարիքներին, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման առաջնահերթություններին, քննարկել երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները եւ ծրագրերի արդյունավետ իրականացման ուղիները:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում բարձր է գնահատել ՄՀԻ-ի՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը: Նա արժեւորել է կառույցի կողմից իրականացվող աշխատանքը խորհրդարանական հանձնաժողովների, աշխատակազմի հետ:

ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ համատեղ իրականացվող ծրագրերն արդյունավետ են, նպաստում են խորհրդարանի աշխատակազմի կարողությունների եւ հմտությունների զարգացմանը:

Ջեյմս Դե Ուիթն, ընդգծելով նախկին արդյունավետ համագործակցությունը, մանրամասն ներկայացրել է ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակազմերի դասընթացները, փոխանակման ծրագրերը, ԱԺ աշխատակազմի շարունակական վերապատրաստմանն ու աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված ծրագրերը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am