Վարչապետին են ներկայացվել Կյանքի պուրակի նախագիծն ու նախատեսվող աշխատանքները

Armenpress 14:45, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում՝ Պատվո պահակախմբի կողմից պահպանվող ծառերի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Երևանի բուսաբանական այգում հիմնվելիք Կյանքի պուրակի նախագիծն ու առաջիկայում նախատեսվող աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ պուրակում, որն ունենալու է 25-30 հա տարածք, տնկվելու են Արցախյան պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր, իսկ կենաց ծառը կխորհրդանշի մեր բոլոր նահատակներին և հայրենիքին տված նրանց կյանքը:

Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված իր ուղերձում վարչապետը նշել էր, որ այն լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու: «Եվ այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, այս  բոլոր մարդկանց՝ Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք: Եվ Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը, որ նրանք կերտեցին:

Այստեղ ահա, այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, Հայոց դրոշներով պարուրված և Պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն Բուսաբանական այգի՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am