Իրականացվել է էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն, մեղավորները դեռ պատժված չեն. Արման Թաթոյան

Armenpress 12:32, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին ուղերձով է հանդես եկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արման Թաթոյանի ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմն ուղեկցվեց ադրբեջանական աննախադեպ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններով։

 Հենց առաջին օրը Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը:

 Արցախի խաղաղ բնակիչներ 69-ամյա Գենադի Պետրոսյանը Մադաթաշենից և 82-ամյա Յուրի Ասրյանը Ազոխից դաժանաբար գլխատվեցին. գլխատումների ողջ ընթացքը նկարահանել են հենց ադրբեջանական զինվորականները, որ հետո իրենց բացառիկ ցինիզմը տարածեն և արժանանան «փառքի» խրախճանքի:

 Պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո խոշտանգվեցին ու դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական անձինք ու զինվորականներ՝ ջիհադիստների ու ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ: Նպատակային հարձակումներով, արգելված զինատեսակների օգտագործմամբ ավերվեցին քաղաքացիական բնակավայրեր: Անարգվեցին ու ոչնչացվեցին հայկական եկեղեցիներ:

 Այս ամենն ուղեկցվում էր սանձարձակ ու ցինիկ պահվածքով հատուկ նկարած տեսանյութերով՝ հայկական սոցիալական ողջ մեդիան դիտավորյալ լցնելով բռնության տեսարաններով:

 COVID-19-ի պայմաններում ադրբեջանական հարձակումները մարդկության դեմ ուղղված հանցանքներ էին, որոնք շեշտակիորեն ավելացրին մահվան դեպքերը՝ կատվածահար անելով Արցախի ու Հայաստանի առողջապահության համակարգերը:

Ողջ նշվածն ուղեկցվում էր հսկայածավալ ատելության ու թշնամանքի քարոզով, որ ադրբեջանական իշխանությունները միայն խրախուսում էին:

 Տեղի ունեցածը բերում է միանշանակ հետևության. իրականացվել է էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն:

Չպե՛տք է մոռանանք, որ ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզն այսօր ոչ միայն չի նվազել, այլ ստացել է ծայրահեղական, ֆաշիստական նոր դրսևորումներ:

Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել: Եվ քանի դեռ կատարվածի համար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, շարունակվելու է ատելության ու թշնամանքի քաղաքականությունը, իրական է լինելու վայրագությունների վտանգը, խաթարված է մնալու մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը»:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am