Գյումրիում անցկացվում է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի երթ

Armenpress 19:29, 26 Սեպտեմբեր, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների, Գյումրու «Անկախության» հրապարակից  մեկնարկեց հիշատակի երթ դեպի «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ ամփոփված են ինչպես  Արցախյան առաջին պատերազմի, այնպես էլ քառօրյա ու 44-օրյա պատերազմում զոհված շիրակցի զինվորականների աճյունները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թեև երթի նախաձեռնողը ՀՅԴ մարզային կոմիտեն ու  ՀՅԴ Գյումրու երիտասարդական կազմակերպությունն էր, երթին միացել էին նաև Հայաստանի Հանրապետական ու այլ կուսակցությունների մարզային կառույցների ներկայացուցիչները: «Երթը ո՛չ քաղաքական է, ո՛չ քարոզչական: Երթին միանում են տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այս կերպ իրենց խոնարհումը բերել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաների հիշատակին»,- նշեց կազմակերպիչներից Արա Նախշքարյանը՝ տեղեկացնելով, որ գիշերը նախատեսվում է գիշերային հերթապահություն անցկացնել գերեզմանատանը, որտեղ տեղի կունենա խնկարկում, մոմավառություն:

  Երթը մեկնարկեց աղոթքով, իսկ ճանապարհին հնչում էին զոհվածների անունները:  

Արմենուհի Մխոյան 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am