1000х90.jpg (78 KB)

Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ. Արցախի ՄԻՊ

Armenpress 19:23, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի հերթական դրսևորումն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ-ը հիշեցրել է, որ Գորիս-Կապան ճանապարհին անչափահասների տեղափոխող ավտոբուսից սվիններով Արցախի պետականության խորհրդանիշները մաքրելու դեպքը, Արցախի տարբեր բնակավայրերից և շինություններից Արցախի դրոշը հեռացնելու պահանջներն Արցախում ապրող հայերի նկատմամբ ադրբեջանցիների հանդուրժողականության իսպառ բացակայության վառ օրինակներ են։

«Պետք է նկատի ունենալ, որ Արցախի պետականության խորհրդանիշները մեր մշակութային արժեքների անբաժանելի մաս են կազմում, ուստի դրանց նկատմամբ անհանդուրժողականությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ։

Պետականության խորհրդանիշները Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու, ինքնությունը պահպանելու և ինքնորոշման իրավունքի խորհրդանիշներն են, որոնց նկատմամբ ցանկացած ոտնձգություն ինքնին ուղղված է մեր ժողովրդի արժանապատվության և իրավունքների ընդհանուր համակարգի դեմ»,- գրել է Գեղամ Ստեփանյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am