Աշխատանք փնտրողներն այսուհետ կարող են առցանց եղանակով հաշվառվել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում

Armenpress 19:20, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանք փնտրող անձանց կողմից Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում առցանց հաշվառվելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, զբաղվածության տարածքային կենտրոնում սահմանված կարգով հաշվառվելու համար աշխատանք փնտրող անձը ներկայացնում է մի շարք փաստաթղթերի բնօրինակները:

Որոշմամբ առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան աշխատանք փնտրող անձանց նաև առցանց եղանակով հաշվառվելու Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում՝ ներկայացնելով հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակները՝ Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջի (https://socservice.am) կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (https://e-request.am) միջոցով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am