1000х90.jpg (78 KB)

Ինքնատիպ մոտեցում. Երևանի տիկնիկային թատրոնը փայլել է Յարոսլավլի փառատոնում

Armenpress 12:29, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն օրերս մասնակցել է Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում անցկացվող «Վոլկովսկի» թատերական 21-րդ միջազգային փառատոնին:

Թատրոնը Յարոսլավլում ցուցադրել է Նիկոլայ Գոգոլի «Վհուկը» ստեղծագործության հիման վրա արված համանուն բեմականացումը: Հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել այն, իսկ օտարազգի թատերագետները բեմադրության շուրջ լայնածավալ քննարկումներ են ծավալել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հիշեցրեց, որ Յարոսլավլի թատրոնը ռուսական առաջին պետական թատրոնն է, որն ունի մոտավորապես 270 տարվա պատմություն:

Նրա խոսքով՝ Տիկնիկայինն առաջին թատրոնն է Հայաստանից, որը մասնակցեց «Վոլկովսկի» ոչ մրցութային փառատոնին, որն այս տարի նվիրված էր ռուս դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններին: Մասնակցել են թատերախմբեր Ղազախստանից, Ուզբեկստանից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Բելառուսից և Ռուսաստանից. յուրաքանչյուր թատերախումբ խաղացել է իր ազգային լեզվով:

«Մենք խաղացինք քաղաքի տոնի օրը՝ սեպտեմբերի 18-ին: Վերջին պահին որոշեցինք հրաժարվել տիտրերից, որովհետև ներկայացումը շատ պլաստիկ է, գործողություններով հարուստ: Կարծեցինք, որ տիտրերն ու թարգմանությունը կխանգարեն՝ հատկապես, որ Գոգոլ էինք մատուցում, իսկ ռուս հանդիսատեսը Գոգոլին նույնքան ծանոթ է, որքան հայ հանդիսատեսը՝ Հովհաննես Թումանյանին»,-նշեց Բաբայանն ու հավելեց, որ դահլիճում նաև հայեր են եղել:

Ներկայացումից հետո թատերագետներն ընդգծել են, որ Հայաստանի թատրոնը շատ հետաքրքիր է մեկնաբանել Գոգոլի ստեղծագործությունը: Նրանք շեշտել են, որ իրենց գրավել են յուրահատուկ լուծումները, ասել, որ «Վհուկը» բեմադրությունը գունեղ է և ինքնատիպ: Թատերագետները խոստովանել են, որ նման յուրահատուկ մեկնաբանության չէին հանդիպել:

«Շատ պոետիկ էր մեր ներկայացումը: Ի տարբերություն Գոգոլի վեպի՝ որտեղ  կերպարները իրական վիճակից տեղափոխվում են անիրականի՝ մետաֆիզիկականի, մեր ներկայացման մեջ հակառակն էր: Մեզ մոտ դերասանուհիները դիմակների միջոցով ղազախ տղամարդկանց էին մարմնավորում: Դա հետաքրքիր երանգ էր հաղորդում բեմադրությանը»,- պատմեց Ռուբեն Բաբայանը:

Փառատոնի նախաձեռնողները, թատերագետները հետաքրքրվել են, թե որքանով է ռուս գրականությունը ներկայացվում Հայաստանի թատրոններում:

Ռուբեն Բաբայանը տեղեկացրել է, որ Տիկնիկային թատրոնի խաղացանկում և՛ Գոգոլի, և՛ Չեխովի գործերին են ընդգրկված: Նա հայտնել է, որ Գոգոլ կա նաև Հ. Մալյանի անվան թատրոնում, Պուշկին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում և այլն:

«Ես գաղտնիք բացեցի՝ նշելով, որ առաջին կրթությամբ բանասեր եմ, մասնագիտացումս եղել է 19-րդ դարի ռուս գրականությունը, որը շատ հզոր է, մարդասիրական: Ասացի՝ կուզենայի, որ այն սկզբունքները, գաղափարները, որոնք բերում է այդ գրականությունը, բոլորս կարողանայինք կիրառել: Եթե առաջնորդվենք հումանիստական սկզբունքներով, ավելի շատ բանի կհասնենք»,- շեշտեց Տիկնիկային թատրոնի տնօրենը:

Հունգարիայի թատրոնի ներկայացուցիչներին զարմացրել են Տիկնիկային թատրոնի դերասանների արտիստիզմն ու պլաստիկությունը: Բաբայանը նշել է, որ դերասաններն իր աշակերտներն են և, ըստ իրենց, դերասանը պետք է կարողանա ամեն ինչ լավ անել՝ պահանջված լինելու համար:

«Վհուկը» ներկայացման ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է, բեմանկարչությունը և զգեստները՝ Անժելա Գալստյանի, պարերը՝ Աիդա Սիմոնի: Բեմականացման մեջ զբաղված են Մանվել Խաչտրյանը, Լիանա Նիկողոսյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Ինա Հախնազարյանը, Լիանա Արեստակյանը:

Անժելա Համբարձումյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am