Խաղողագործները բողոքի ակցիա անցկացրին. Նախարարը խոստացավ ամեն ինչ անել, որ խաղողը չմնա վազի վրա

Armenpress 16:34, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղողագործները բողոքի ակցիա  անցկացրին Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ Կառավարությունն օր առաջ լուծի խաղողի մթերման խնդիրը: Էկոնոմիկայի նախարարը խոստացավ անել ամեն ինչ, որ գյուղացիների խաղողը չմնա վազի վրա, բացի այդ, որ հաջորդ տարի խաղողի մթերման խնդիր չառաջանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակից խաղողագործներից մեկն ասաց. ««Նոյ» գործարանը խոշոր խաղացողներից է, նրա չընդունելը խոշոր լարվածություն է առաջացնում»:

 Ըստ նրա՝ Կառավարությունը խոշոր մթերողների հետ հարաբերությունները պետք է պարզեր վաղօրոք, որ խնդրի առաջ չկանգնեին:

«Իմ խաղողից օրական 500 կգ-1 տոննա խաղող եմ կորցնում, չամիչ է դարձել խաղողը: Այս մարդիկ վնաս են տալիս մեզ»,-հավելեց նա:

Խաղողագործներից մեկն էլ ասաց. «Մենք գյուղացի մարդ ենք, ուզում ենք, որ մեր մշակած բերքը մթերեն, ուրիշ բան չենք ուզում: Պայմանագիր էլ ունենք՝ չեն մթերում»:

Խաղողագործները հանդիպել էին Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ, սակայն փոխնախարարի պատասխանը նրանց չէր գոհացրել:

«Մարզում կա մոտ 30 հազար տոննա խաղող, ինքը հաստատեց հնարավոր 8000 տոննայի մթերման մասին՝ ոչ կոնկրետ գնով: Եթե Գագիկ Ծառուկյանի գործարանը չմթերեց, այս գերխնդիրը ոչ մի պարագայում չի կարող վերանալ»,-ասաց փոխնախարարի հետ հանդիպած խաղողագործներից մեկը:

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը նշեց՝ պետությունը մթերման հարցով անցյալ տարվանից զբաղվում է, որ այս տարի նորմալ մթերվի, սակայն ընդունեց, որ հիմա վիճակը նորմալ չէ:

«Ամբողջ հարցն առաջացել է նրանից, որ խոշոր մթերողներից մեկը չի մթերում, «Նոյ» կոնյակի գործարանը չի մթերում: Վերջին պահին է պարզվել, որ իրենք որոշել են չմթերել: Թե ինչո՞ւ չի մթերում, հարցի մյուս կողմն է, մենք չենք կարող պարտադրել, որ մթերի, իրենք գործարանն է, իրենց որոշումն է»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ գործարանը, սովորաբար, տարեկան 20-25 հազար տոննա է մթերում:

«Արդեն մոտ 10 հազարը տարբեր տեղ տեղավորել ենք: Մնացել է 10-12 հազարի հարց»,-ասաց նա:

Սակայն խաղողագործներից մեկն արձագանքեց՝ շատ ավելի շատ է մնացել:

Նրանցից մեկն էլ նախարարին ասաց. «Մենք հիմա կառավարությունից խնդրում ենք, որ օր առաջ մեծ ծավալով մթերում կատարվի, որովհետև խաղողը վազի վրա փչանում է»:

Քերոբյանը հայտնեց, որ իր տեղակալն այսօր այցելել է Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, վերջնական կորոշեն խնդրի լուծումը:

«Դրանց վերաբերյալ ընդհանուր առաջարկ այս երկու օրը կարվի: Ամեն ինչ կանենք, որ ձեր խաղողը չմնա վազի վրա: Մենք հիմա այնպես կմտածենք, որ դուք մյուս տարի խնդիր չունենաք»,-վստահեցրեց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am