1000х90.jpg (78 KB)

Երևանում անցկացվում է իրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն

Armenpress 14:10, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում են  «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային կինոկենտրոնից՝ մանրամասնելով, որ 2021թ. սեպտեմբերի 23-25-ը «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում  տեղի կունենա իրանական ժամանակից երեք ֆիլմերի ցուցադրություն։ Երևանյան կինոցուցադրումները նվիրվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Հայ հանդիսատեսի համար ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։

23.09.2021թ. «Թիկնապահը», ռեժ. Էբրահիմ Հաթամիկիա, 2016 թ.

Ռեժիսորը ֆիլմը նվիրել է ԻԻՀ հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Այն միջին տարիքի մի տղամարդու մասին է, որը պաշպանում է Իրանի բարձրաստիճան քաղաքական գործիչներին:

24.09.2021 թ. «Վիլլայի բնակիչները», ռեժ. Մունիր Ղեյդի, 2017թ.

Իրանական բանակի ղեկավարների համար հատկացված Villaeiha համալիրում է ապրում Ազիզն իր թոռների հետ: Էլյասը վարորդ է, որն ամեն անգամ դժվարությունների է հանդիպում, երբ անհրաժեշտ է լինում տեղեկություններ հաղորդել ընտանիքների մասին: Որոշ ժամանակ անց համալիր է գալիս Ազիզի հարսը` երեխաներին տանելու համար, բայց վերջինս հրաժարվում է:

25.09.2021թ. «Գիշերային հերթափոխ», ռեժ. Նիկի Քարիմի, 2021թ.

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Նահիդը, խաղաղ և հանգիստ կյանքով է ապրում իր ամուսնու և դստեր հետ: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ նրան հայտնում են, որ իր ամուսինը ցանկանում է ինքնասպան լինել: Սկզբում նա չի հավատում այդ խոսակցություններին, բայց որոշ ապացույցներ գտնելուց հետո, սկսում է այդ ամենին ավելի լուրջ մոտենալ: Ամուսնու եղբոր օգնությամբ Նահիդը կարողանում

Նշվում է, որ 2021 թվականի հունվարի 21-ին՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը, հայ-իրանական մշակութային համագործակցության շրջանակում վերաստորագրեցին դեռևս 2017 թ․ գործող կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության համաձայնագիրը։

Սույն համաձայնագիրը ենթադրում է գործակցության բազմազան ուղղություններ՝ նպաստել կինոժառանգության պահպանությանը, մանկապատանեկան կինոծրագրերի ստեղծմանը, համատեղ կինոարտադրության զարգացմանը, երկկողմ կրթական ծրագրերի իրականացմանը, հայ-իրանական կինոշուկայի ձևավորմանը, ֆիլմերի տարածմանն ու երկկողմ փառատոների մասնակցությանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am