Հիմնանորոգվում է Վերին Գետաշենի մշակույթի տան մարզադահլիճը

Armenpress 21:24, 22 Սեպտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում ընթացքի մեջ են մշակույթի տան մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին, 7 միլիոն դրամի հատկացմամբ։ Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրեց Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանը, հիմնանորոգվում է մարզադահլիճի հատակը, ծանրաձողերի տեղերը բերվում են միջազգային ստանդարտների, փոխվում են լուսամուտները, ստեղծվում են հարմարավետ պայմաններ մարզումների համար։  

«Վերին Գետաշենում գործում է մարզական երկու խմբակ՝ ծանրամարտ եւ բազկամարտ մարզաձեւերից։Մեր մարզիկները գրանցել են շռնդալից հաջողություններ եւ ապացուցել, որ  Վերին Գետաշենը մարզական մեծ ներուժ ունեցող համայնք է։ Մոնթե Մխիթարյանը ծանրամարտի Հայաստանի քառակի չեմպիոն է, 2019 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող։ Նշանակալի հաջողություններ է գրանցել նաեւ բազկամարտիկ Ազատ Սրապյանը։Կարծում եմ, որ լավ պայմաններ ապահովելու դեպքում ավելի շատ պատանիներ կցանկանան ընդգրկվել մարզական խմբակներում, միաժամանակ ավելի ակնառու կդառնան մեր մարզական հաջողությունները»,-ներկայացրեց Տիգրան Մուրադյանը։

 

Խոսրով Խլղաթյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am