Պետք է ջանք չխնայել մեր անկախ պետականությունն ամրապնդելու, հզորացնելու հարցում. ՀՀ փոխվարչապետ

Armenpress 11:25, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր կորուստներով և ձեռքբերումներով հանդերձ՝ այսօր Հայաստանում կա հստակ գիտակցում, որ անկախությունը սակարկելի չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ Անկախության տոնի առթիվ հղած ուղերձում նշել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն՝ ընդգծելով, որ  հենց անկախությունն է պայմանավորելու զարգացման հեռանկարը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

30 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը միահամուռ կերպով և վճռականորեն «այո» ասաց անկախությանը՝ իր ձեռքը վերցնելով սեփական ճակատագրի կերտումը: Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց ԽՍՀՄ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, ինչն ապահովեց գործընթացի սահունությունն ու խաղաղ անցումը: 1991թ. անկախության հաստատումը հաշվարկված պրոցեսի արդյունք էր, խոշոր նվաճում հարյուրամյակներ շարունակ անկախ պետականությունից զրկված մեր ժողովրդի համար:

Անկախության ձեռք բերմանը զուգահեռ Հայաստանը հիմնադրեց պետական ինստիտուտներ և զարգացրեց դրանք: Իշխանության ճյուղերի ձևավորման հետ միասին Հայաստանը ստեղծեց բանակ, որը դարձավ սեփական անվտանգության կարևոր երաշխիքը: Սատար կանգնելով արցախահայության արդար պահանջին և վերջինիս անվտանգության երաշխավորը դառնալով՝ Հայաստանին հաջողվեց փրկել Արցախը գոյաբանական սպառնալիքից:

Նախընթաց տասնամյակներում մեր պետությունն անցավ թե՛ ներքին, թե՛ արտաքին մեծ ցնցումների միջով: Բոլոր կորուստներով և ձեռքբերումներով հանդերձ՝ այսօր Հայաստանում կա՛ հստակ գիտակցում, որ անկախությունը սակարկելի չէ. այն մեր ինքնությունն է, էությունը և հենց անկախությունն է պայմանավորելու մեր զարգացման հեռանկարը: Թեպետ անկախ Հայաստանն իր 30 ամյակը բոլորում է բարդ իրավիճակում, սակայն դժվարություններն անցողիկ են, իսկ հայկական անկախ պետականությունը՝ մնայուն: Յուրաքանչյուր պատմական փուլ ունի իր առանձնահատկություններն ու խնդիրները, որանք, սակայն, լուծելի են ու անցողիկ, մինչդեռ անկախ պետականությունն է, որ պիտի լինի հարատև:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ՝ վստահությամբ, որ մեր ժողովրդի, Սփյուռքի և համայն հայության անսասան կամքով ու վճռականությամբ դիմագրավելու ենք ներկայիս մարտահրավերներին: Այսօր մենք պետք է փայփայենք մեր անկախ պետականությունը և ջանք չխնայենք այն ամրապնդելու, հզորացնելու և հաջորդ սերունդներին կայացած պետություն ժառանգելու հարցում»,-ասված է ՀՀ փոխվարչապետի ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am