Անվադահուկային սպորտի առաջնությունը բացառիկ է եղել աղջիկների մասնակցության առումով

Armenpress 10:35, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին երկրորդ անգամ հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի անվադահուկային առաջնությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը շեշտեց, որ առաջնության առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ այս տարի աղջիկների մասնակցությունը բացառիկ շատ էր:

«Այս տարի առաջնության անցկացումը բարձր մակարդակի էր, և դրա համար շնորհակալ ենք Շիրակի մարզպետարանին, Գյումրու քաղաքապետարանին, ոստիկանությանը: Ամենաուրախալին այն է, որ եթե առաջ առաջնությանը մասնակցում էին մի քանի աղջիկ միայն, այս տարի մասնակիցների թիվը գերազանցեց մեր սպասելիքները»,- ասաց Սարգսյանը:

Ֆեդերացիան նպատակ ունի ևս մեկ ցուցադրական ելույթներ կազմակերպել մայրաքաղաք Երևանի փողոցներում հոկտեմբերին:

«Մենք մտահոգվելու տեղ ունենք տղաների մասնակցության հարցում: Սա նաև մեզ համար ստուգատես էր մրցաշրջանի առաջ»,- ասաց նա:

Հայաստանի անվադահուկային առաջնության աղջիկների 3 կմ ձևում Հայաստանի չեմպիոն դարձավ Ռոզա Սիմոնյանը, իսկ տղաների 4 կմ ձևում՝ Սպարտակ Ոսկանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am