Ամուր սահմաններ, պատասխանատվություն, հայրենասիրություն. Անկախության սերունդը կիսվել է անկախության մասին իր տեսլականով

Armenpress 10:34, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 30-րդ տարեդարձը։ Այդ օրն ազգային հպարտության օր է. անկախ հայրենիք ունենալու հայ ժողովրդի դարավոր երազանքը 30 տարի է՝ իրականություն է:

«Արմենպրես»-ը զրուցել է անկախ Հայաստանի տարեկից, տարբեր ոլորտներ ներկայացնող ՀՀ քաղաքացիներին հետ, ովքեր իրենց կյանքի 30 տարվա ընթացքում փորձել են փոքրիկ ներդրում ունենալ՝ ի նպաստ հայրենիքի։

Ֆագոտահար Վիգեն Հարությունյանը շեշտեց, որ անկախ հայրենիքը պահպանելու համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է առաջին հերթին հայրենասեր լինի։

«Երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացի, կամ գոնե ազգի 60-70 տոկոսը պետք է հայրենասեր լինի, սակայն ոչ միայն խոսքով, այլև գործով։ Ցանկալի է և կարևոր՝ ապրել անկախ պետությունում, չունենալ որևէ մեկից կախում, սակայն, կարծում եմ, որ ոչ բոլոր ժամանակներում է հնարավոր լինում այդպես ապրել։ Ամեն մեկը, եթե իր մասնագիտությամբ զբաղվի, իր աշխատանքը կատարի այնպես, ինչպես հարկն է, նպաստի սեփական գործի զարգացմանը, ապա բավական հեշտ կլինի ապրել անկախ հայրենիքում և պահպանել այդ անկախությունը»,- ասաց Վիգենը։

Երաժիշտը նշեց, որ ինքը ծնողներին չի հարցրել՝ արդյոք նրանք 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մասնակցել են հանրաքվեին, սակայն տարիների ընթացքում հետաքրքրվել է ու պարզել, որ այդ ժամանակ ամբողջ ազգն է երջանիկ եղել անկախանալու կապակցությամբ։

«Մարդիկ ոգևորված են եղել, էմոցիաներով լցված, քանի որ տեղի էր ունեցել մի բան, ինչին սպասել են տարիներ շարունակ»,- նշեց Վիգենն ու նկատեց, որ իր աշխատանքն ու կատարած քայլերը մշտապես ի շահ Հայաստանի են։

Ֆագոտահարն ասաց, որ ինքը փորձում է հայրենիքի զարգացման հարցում իր ներդրումն ունենալ, սակայն ձեռքբերումների մասին չցանկացավ շատ խոսել, թեև, դրանցից մեկը մատնանշեց՝ իր երեխան է։

«Սեփական երեխայիդ էլ պետք է կարողանաս այնպես դաստիարակել, որպեսզի նա մեծանա իսկական հայ, այսինքն՝ արմատական մի հայ, ում տեսել եմ իմ պապերի մեջ։ Մենք պետք է կարողանանք նաև նրանց միջոցով պահպանել մեր լեզուն, պատմությունը, մշակույթն ու ավանդույթները, իսկ ամենակարևորը՝ հավատքը»,- ընդգծեց Վիգենը։

Մարքեթոլոգ Գոհար Շալջյանն էլ նշեց, որ անկախությունն իրեն ուժ է տալիս։

«Անկախ երկրում ապրելով՝ ես ինձ ուժեղ եմ զգում. ուժեղ եմ, որ կարող եմ սեփական հողում ապրել, արարել ու ստեղծել, իսկ ամենակարևորը՝ մեծ վստահություն կա իմ մեջ։ Կարծում եմ՝ անկախության սերունդ լինելը նաև պատասխանատվություն է, որովհետև մենք առաջինն ենք, որ ծնվել ենք արդեն անկախ Հայաստանում։ Պետք է այնպես ապրենք, որպեսզի կարողանանք նաև պահել այդ անկախությունը, որը ձեռք է բերվել ուղիղ 30 տարի առաջ»,- նշեց Գոհարը։

Անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել, որոնք եղել են ի նպաստ հայրենիքի, նա առանձնացրեց այն բոլոր միջազգային սեմինարներն ու ծրագրերը, որոնց ժամանակ Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու առիթը երբեք բաց չի թողել։

«Ամեն անգամ տարբեր ծրագրերի մասնակցելիս՝ փորձել եմ հնարավորինս շատ ինֆորմացիա տալ ներկաներին, մասնակիցներին, թե պատմականորեն ով է հայը, ինչ մշակույթ և ավանդույթներ ունի Հայաստանը և այլն։ Կարող եմ ասել, որ տարբեր երկրներում եմ եղել, և մեր բոլոր սեմինարների ու ծրագրերի խմբերից մասնակիցների մի մասին հետաքրքրել է մեր երկիրը, ու նրանք ամենաքիչը 1 անգամ այցելել են Հայաստան։ Եթե բոլորը հնարավորություններ ունենան միջազգային տարբեր ծրագրերի ժամանակ ներկայացնել Հայաստանը, այդկերպ զբոսաշրջությանն էլ հնարավոր կլինի զարկ տալ, ինչի շնորհիվ կարող է զարգանալ նաև երկրի տնտեսությունը»,- ասաց Գոհարն ու հավելեց, որ իր կարծիքով կարողացել է իր համեստ ներդրումն ունենալ ի նպաստ հայրենիքի։

Ասելով անկախ հայրենիք՝ Գոհարը պատկերացնում է ամուր սահմաններ և երկրի ներսում՝ ապահովություն։

«Անկախությունը պահպանելու համար պետք է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի գիտակցի դրա արժեքը։ Բոլորիս պարտքն է, որ կյանքի ընթացքում կատարած ցանկացած քայլ ուղղված լինի անկախության պահպանմանը՝ սերունդներ կրթելը, դիվանագիտական աշխատանքը, առօրյա աշխատանքը և այլն»,- ընդգծեց մարքեթոլոգը։

Նա պատմեց, որ ծնողները մասնակցել են 1990-91թթ. ցույցերին, որոնք միտված էին անկախ հայրենիք ունենալուն։

«Ծնողներս միշտ ասել են, որ բավական էմոցիոնալ ու բարդ է եղել այդ շրջանում, սակայն, միևնույն ժամանակ, 1991 թվականին հպարտությունն ավելին է եղել, երբ հասել են իրենց ցանկացած արդյունքին։ Ճիշտ է՝ պատմել են, որ անկախության առաջին տարիներին դժվարություններ են ունեցել, քանի որ երիտասարդ են եղել. երկու երեխա են ունեցել, Արցախյան պատերազմն է եղել, լույս, ջուր ու գազ չի եղել։ Այս ամենը չի խանգարել, որ շատերը մնան իրենց երկրում, չարտագաղթեն: Չէ՞ որ վերջապես սկսել են ապրել իրենց երազած անկախ հայրենիքում»,- ասաց Գոհարը և շնորհակալություն հայտնեց ծնողներին, ովքեր չեն «խլել» իրենից այդ հնարավորությունը՝ ապրել և արարել Հայաստանում։

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի համար անկախությունն ուժ է և հաղթանակ։

«Աստծո կամոք, ես ծնվեցի արդեն անկախ Հայաստանում, և իմ հայրենիքի հետ տարեկից ենք։ Կարծում եմ՝ սրա մեջ ինչ-որ առանձնահատուկ խորհուրդ կար՝ ծնվել 1991 թվականին, անկախության ձեռքբերումից ուղիղ 1 ամիս անց՝ հոկտեմբերի 21-ին»,- նշեց Արթուրը։

Խոսելով ձեռքբերումների, նվաճումների մասին՝ նա ընդգծեց, որ դրանք միշտ նվիրված են եղել Հայաստանին ու եղել են ի նպաստ հայրենիքի։ Արթուրը վստահ է՝ անկախ հայրենիք ունենալու նախապայմաններն են՝ լինել հզոր, միասնական, ուժեղ ոչ միայն հոգով, այլ նաև զենքով։ Անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչ են պատմել ծնողները 1991 թվականի հանրաքվեի մասին, ըմբիշն ասաց, որ տանն այդ թեմայի շուրջ շատ չեն զրուցել, սակայն հայրն էլ, մայրն էլ, իրենց ապրած կյանքով, հայրենասիրության վառ օրինակ են։

Ուղիղ 30 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «Այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

 

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am