Տարածաշրջանում իրավիճակը կայունացնող ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել. Մհեր Գրիգորյան

Armenpress 12:52, 20 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով` տարածաշրջանը կայունացնող ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել: Ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը հիշեցրեց, որ հայկական կողմը բազմիցս հայտարարում էր այն մասին, որ առանց Ադրբեջանի զորքերի Հայաստանի տարածքից դուրսբերման և հայ ռազմագերիների վերադարձման հայկական կողմը չի վերսկսի բանակցությունները Ադրբեջանի հետ, այնինչ՝ բանակցությունները փաստացի վերսկսվել են:

«Ցանկացած շանս, որը կայունացնում է տարածաշրջանում իրավիճակը և բերում է խաղաղություն, պետք է օգտագործել»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հիշեցմանն ի պատասխան՝ նշեց Մհեր Գրիգորյանը, մեկտեղ նկատելով, որ Ադրբեջանի հետ պետք է խոսել և բանակցել:

Խոսելով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության մասին` փոխվարչապետը հայտնեց, որ այս պահին տարածաշրջանի երկաթգծերի վերականգնման մասով եռակողմ աշխատանքային խմբի համար տեսանելի են լուծումները, որովհետև խոսքն այն երկաթգծերի վերականգման մասին է, որոնք ժամանակին եղել են և գործել են:

«Այդ մասով ավելի շատ կենտրոնացված ենք իրավական լուծումների վրա` սահմանային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ նմանատիպ հսկողական գործառույթ կազմակերպելու ուղղությամբ: Ճանապարհների վերականգնման մասով դեռևս ավելի շատ քննարկվում է տեխնիկական լուծումների հարցը»,- եզրափակեց Գրիգորյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am