1000х90.jpg (78 KB)

Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղում անցկացվեց ավանդական Գաթայի փառատոնը. այցելուները սիրահարվում են գյուղին

Armenpress 13:37, 19 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղցրահամ մրգեր, գինիներ, ավանդական ուտեստներ, հայկական բերք ու բարիք և իհարկե օրվա խորհրդանիշ դարձած անուշաբույր գաթա: Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում անցկացվեց արդեն ավանդական դարձած Գաթայի 7-րդ փառատոնը (առաջինն անցկացվել է 2014-ին):

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ փառատոնի ամենահամով պահը` օրվա խորհրդանիշ  մեծ տրամագծով կլոր գաթայի կտրելու հանդիսավոր  արարողությունն ու հյուրասիրություն էր: Այնուհետև  ներկայացվեցին համայնքին հատուկ ազգային երգն ու պարը, որը ավելի համ ու հոտ տվեց ու ամբողջացրեց փառատոնը:

Խաչիկ գյուղի քահանա Տեր Հովհաննես Մաթևոսյանը նշեց, որ  գաթան համարվում է Խաչիկ գյուղի խորհրդանիշը. «Գաթան  շրջանաձև է և խորհրդանշում է հավերժությունը: Պետք է նշեմ, որ գաթան դեռևս հին ժամանակներից շատ օգտագործելի է եղել մեր պապերի կողմից, քանի որ ձիերով կամ ավանակներով երկար ճանապարհ գնալու համար նրանց պետք է եղել մի ուտելիք, որը շուտ չի փչանա և կլինի քաղցր: Իսկ արդեն 7-րդ փառատոնի խորհուրդը հենց այն է, որ այս գաթայի հավերժությունը շեշտված է հենց փառատոնի միջոցով»:

Տեր Հովհաննեսը կարևորեց փառատոնի դերը, քանի որ այդ օրը գյուղը բաց է ամբողջ աշխարհի համար և գյուղացիները հնարավորություն ունեն շփվել ոչ միայն մեր հայրենակիցների, այլ նաև շատ զբոսաշրջիկների հետ, ինչի արդյունքում սկսում է աշխուժանալ հյուրատնային բիզնեսը: Մարդիկ հյուրընկալում են զբոսաշրջիկներին, պահում են, հյուրասիրում և սովորեցնում են ազգային արժեքները: Նրա խոսքով՝ փառատոնը դառնում է կետ, որի շնորհիվ մարդիկ գալիս են Խաչիկ, սիրահարվում են գյուղին և սկսում ավելի հաճախ գալ:

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը վստահեցրեց, որ փառատոնը  շատերի համար սպասված միջոցառում է՝ թէ՛ գյուղացիների, թէ՛ այցելուների։

«Քանի որ Խաչիկը 21 կիլոմետր հեռու է մոտակա գյուղից, դա  ինքնին խոչընդոտ է ստեղծում, որպեսզի գյուղացիները իրենց ապրանքները կարողանան վաճառել, իսկ այս տոնը նպաստում է, որ բնակիչները իրենց ամբողջ տարվա ստեղծած բերքն ու բարիքը ներկայացնեն: Գյուղում արդեն սկսել է զարգանալ հյուրատնային տնտեսությունը: Շատերն արդեն լիարժեք պատրաստ են ընդունելու զբոսաշրջիկներին և գնալով ավելի են շատանում մարդիկ, որոնք ներգրավվում են այս ոլորտ»,- ասաց Հովիկ Սմբատյանը:

Նա հայտնեց նաև, որ կորոնավիրուսը և պատերազմը, ցավոք, խոչնդոտ հանդիսացան, բայց կարծում է, որ այս տարի կարողացել են նոր տողից լավ ու դրական սկսել:

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am