Դեսպան Կոպիրկինը գոհ է ՌԴ Պետդումայի՝ Հայաստանում անցկացվող ընտրությունների ընթացքից

Armenpress 12:14, 19 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության  ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունները անցկացվում են նաև Հայաստանում։ Լրագրողների հետ զրույցում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ, ընդհանուր առմամբ. Հայաստանում ստեղծվել է 6 ընտրատեղամաս՝ ՌԴ դեսպանատանը, «Էրեբունի» օդանավակայանում և Գյումրիում, որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։

 «Քվեարկությունը բնականոն ընթանում է։ Ռուսաստանի օրենսդրության համապատասխան ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները ՌԴ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը ապահովելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՌԴ դեսպանը։

Կոպիրկինը քաղաքացիների ակտիվությունը նորմալ է գնահատում։ Ըստ դիվանագետի՝ ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում շուրջ 300 քաղաքացի արդեն իսկ քվեարկել է։

ՌԴ դեսպանի խոսքով՝ Երևանում և Գյումրիյում հաշվառված են շուրջ 20 հազար ՌԴ քաղաքացի, սակայն յուրաքանչյուր ոք, ով ունի ՌԴ անձնագիր կարող է գալ և մասնակցել քվեարկությանը։

Ռուսաստանում ընթանում են Պետդումայի ընտրությունները։ Համավարակի պատճառով դրանք անցկացվում է երեք օր՝ սեպտեմբերի 17-19-ը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am