Ճանապարհային անվտանգության աուդիտի ինստիտուտ ձևավորելու համար կարվեն օրենսդրական փոփոխություններ

Armenpress 14:10, 18 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանն անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում ճանապարհային անվտանգության բարելավմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) կանխարգելմանն ուղղված հարցեր։

Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ճանապարհային ոլորտի քաղաքականության համատեքստում բոլոր ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում առաջնահերթություն է տրվում ճանապարհային անվտանգության հիմնախնդիրներին։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ճանապարհային ոլորտի քաղաքականությունը, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքները պետք է իրականացվեն ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու ելակետից։

Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում արվելու են մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ ճանապարհային անվտանգության աուդիտի ինստիտուտի ձևավորման ուղղությամբ, ինչը կնպաստի, որպեսզի բարձրացվի ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված հետազոտությունների արդյունքները, վեր հանված խնդիրներն ու ձեռնարկված միջոցառումները, շեշտադրվել է ՃՏՊ-ների կանխարգելման ուղղությամբ համատեղ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ։ 

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, ներկայացնելով ՃՏՊ-ների հետ կապված վերջին տարիների վիճակագրությունը, նշել են, որ վթարներից զոհերը հիմնականում արագության գերազանցման պատճառով են։ Այս համատեքստում արձանագրվել է, որ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ թույլ չտալու համար երթևեկության սահմանված արագության գերազանցումը։

Կարևորվել է ՃՏՊ-ների վերաբերյալ վիճակագրական տվյալների բազային ՀՀ ՏԿԵՆ-ի և Ճանապարհային դեպարտամենտի մասնագետների հասանելիության ապահովումը, ինչը կօգնի, որպեսզի ավելի արագ արձանագրվեն վթարավտանգ հատվածները, դրանց վերացման ուղղությամբ տրվեն ինժեներական լուծումներ, իսկ ճանապարհների նորոգումից առաջ՝ նախագծման փուլում, նախագծող կազմակերպություններին արվեն համապատասխան առաջարկություններ։ 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի Ճանապարհային ոստիկանության և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները պարբերաբար իրականացնեն համատեղ շրջայցեր՝ ուսումնասիրելով ճանապարհային անվտանգության խնդիրները։ Արծարծվել են նաև միջպետական ճանապարհների լուսավորման, անվտանգության տարրերով ճանապարհների կահավորման և բազմաթիվ այլ հարցեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am