1000х90.jpg (78 KB)

ՄԹ դեսպանը գիտատեխնոլոգիական ոլորտում զարգացող Հայաստանի հետ փոխգործակցության հնարավորություններ է տեսնում

Armenpress 20:31, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԲՏԱ նախարարությունից, նախարարը ողջունել է դեսպանին և ներկայացրել նախարարության կողմից իրականացվող հիմնական ծրագրերի և գործառույթների շրջանակը, որոնք ընդգրկում են թվայնացման, էկոհամակարգի ստեղծման, կրթական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

«Գնահատելով Մեծ Բրիտանիայի նվաճումները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ նախարարը կարևորել է փորձի փոխանակման և խորհրդատվական աջակցության տրամադրման հնարավորությունները, որոնք դրական ազդեցություն կունենան Հայաստանի համար: Արտադրական ձեռնարկությունների վերազինման, նոր տեխնոլոգիաների ներդրման հետ կապված նախարարը դեսպանին առաջարկել է դիտարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ՝ դեսպանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դերը շատ կարևոր է երկրի զարգացման համար, նախարարությունը բավական հավակնոտ ծրագրեր է նախանշել, որոնց ներուժը առկա է երկրում:  «Գիտական և տեխնոլոգիական ոլորտներում զարգացումներ արձանագրող այնպիսի երկրի հետ, ինչպիսին Հայաստանն է, դեսպան Ջոն Գալլագերը բազմաթիվ փոխգործակցության հնարավորություններ է տեսնում»,- հայտնում են նախարարությունից՝ հավելելով, որ ոլորտի զարգացման համատեքստում նախարարը կարևորել է մասնավոր ընկերությունների դերը. նախարարությունը շարունակական աջակցություն է տրամադրում ոլորտային հաջողած մի շարք ընկերությունների թե՛ ֆինանսական, թե՛ արտադրության հզորացման, և թե՛ արտահանման առումներով։

Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես, կրթական, նորարական, ներդրումային, շուկայի զարգացմանը միտված ծրագրերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am