Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել մահվան ելքով ավտովթար

Armenpress 13:53, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան տանող ուղեմասի վրա,2021 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, «TOYOTA ALPHARD 2.4» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ZIL» մակնիշի ավտոմեքենային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ վթարի  հետևանքով «TOYOTA ALPHARD 2.4»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:  Կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:   

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am