ԱԺ բոլոր պատգամավորները պարգևավճարներ են ստացել. «Հայաստան» խմբակցությունը չի օգտվի այդ գումարից

Armenpress 12:22, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի բոլոր պատգամավորները պարգևավճարներ են ստացել, «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ չի օգտվի այդ գումարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտնեց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Քիչ առաջ տեղեկացանք, որ առանց մեր իմացության ԱԺ պատգամավորները, այդ թվում նաև ընդդիմադիր պատգամավորները ստացել են պարգևավճար: Ենթադրում ենք, որ դա անկախության տոնին է նվիրված: Սա մեզ համար անընդունելի է: «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից մենք չենք օգտվելու»,- ասաց Սաղաթելյանը:

Նա շեշտեց՝ իրենց համար անընդունելի և դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, վիրավորներ, հաշմանդամություն ունեցող անձինք, և այդ իրավիճակում պետական պաշտոնյաները, այդ թվում նաև ԱԺ պատգամավորները շարունակում են պարգևավճարներ ստանալ: «Մենք, հավատարիմ մնալով մեր նախընտրական ծրագրին և նախընթաց ժամանակահատվածում արված մեր հայտարարություններին, այդ գումարից չենք օգտվելու: Հավանաբար, կամ կվերադարձնենք պետական բյուջե, կամ ՀՀ սահմանամերձ համայնքներում այդ գումարով կիրականցնեն որևէ ծրագիր»,- ասաց Սաղաթելյանը:

 «Հայաստանը» պատրաստվում է առհասարակ պարգևատրման ինստիտուտի հետ կապված բողոք ներկայացնել ՍԴ: «Գտնում ենք, որ առանց չափորոշիչների պարգևատրումներ իրականացնելն ապօրինի գործընթաց է»,- ասաց նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am