1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ. ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Armenpress 18:21, 16 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, Ալեն Սիմոնյանը հանդիպման ընթացքում նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Միացյալ Նահանգների հետ Հայաստանը զարգացրել է գործընկերային եւ բարեկամական հարաբերություններ, որոնք ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ:

Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ-ի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը:

ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը: Նա դեսպանին տեղեկացրել է, որ Ազգային ժողովում շուտով կվերաձեւավորվի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը, որը կարեւոր օղակ է երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության, ինչպես նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Անդրադառնալով հետպատերազմյան իրադրությանը` ԱԺ նախագահը նշել է, որ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը չի կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո եւ այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների իրագործման հիման վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանն իր  հերթին նշել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ:

Զրույցի ընթացքում կարեւորվել են օրենսդիր մարմնի հետ փոխգործակցությունը, ժողովրդավարական գործընթացների զարգացումն ու ամրապնդումը: Դեսպանը շեշտել է նաեւ ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեության իրականացմանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am