Իրականացված բոլոր ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին. Մուկուչյան

Armenpress 12:36, 13 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ իր պաշտոնավարման ընթացքում անցկացված բոլոր ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մուկուչյանն այս մասին ասաց ԱԺ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանի հարցին:

«Խնդրում եմ ավելի բաց ու հստակ փաստել, որ ՀՀ-ում ձեր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած համապետական ընտրությունները եղել են օրենքի տառին համապատասխան»,-ասաց Մամիջանյանը:

Մուկուչյանը  հիշեցրեց, որ 2012 թվականից ինքը ԿԸՀ-ում է, կազմակերպել է բազմաթիվ ընտրություններ:

«Բոլոր ընտրությունների հետ կապված էլ իմ կարծիքը ներկայացրել եմ: Այս դահլիճում տարբեր թվականներին համապետական ընտրություններից հետո, ինչու չէ, նաև ՏԻՄ ընտրություններից հետո, ներկայացվել են նմանատիպ տարբեր գնահատականներ, և մեր մոտեցումը եղել է հետևյալը՝ իմ կարծիքով իրականացված ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին»,-ասաց Մուկուչյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am