Ֆրանսահայ հայագետ Ալեքսանդր Վարպետյանը Երևանում ներկայացրեց իր «Opus Magnum» աշխատությունը

Armenpress 20:36, 10 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ հայագետ, ազգագրագետ, էաբան և գոյաբան Ալեքսանդր Վարպետյանի «Opus Magnum» աշխատության մեջ ամփոփվել են տարբեր ժամանակներում գրված հեղինակի այն անտիպ հայագիտական  և էաբանական հոդվածներն ու էսսեները, որոնք  նախանձախնդրորեն ընտրված և դրված էին մի կողմ՝ սպասելով հրատարակման նպատակահարմար ժամանակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

Ալեքսանդր Վարպետյանի խոսքով՝ աշխատությունը «Opus Magnum»-ի 20-րդ հատորն է: Մասնագետին հետաքրքրել է «էությունը»:

«Երկար ժամանակ փնտրում էի «էությունը» ամեն տեղ: Կանտը, Շոպենհաուերը, Հեգելը, անգամ Մարքսը խոսում են «էության» մասին, սակայն ոչ ոք մինչև վերջ այն չի գտնում: Անգամ Պաստեռնակն է նշում, որ փնտրում է «էությունը», սակայն չի գտնում այն: Ամբողջ մարդկությունը խոսում է «Էության» մասին՝ չիմանալով, թե ինչ է այն և որտեղից է գալիս: Այս աշխատության մեջ ես գտել եմ «էությունը» »,-ասաց նա:

Աշխատության առաջաբանում ասվում է, որ նյութերը տարաբաշխված են հիմնականում  երկու բաժիններում՝ հայա-արևելագիտական և էաբանական (էիզմի): Դրանք միմյանց շաղկապված են այնքանով, որքանով առաջինը երկրորդի հենքն է՝ որպես համամարդկային մտքի ձևավորման և զարգացման անդաստան:

Երկրորդ բաժինն էիզմի ածանցյալներն են, ունակ գիտական տարբեր բացահայտումների հետ անվերջ խորանալու և ընդարձակվելու:

«Գրքի խորագիրը՝ «Opus Magnum» (լատ. «Գերակա գործ», ալքիմիայում՝ «Փիլիսոփայական քարի» որոնում…) համադրում է երկու իմաստները: Հասկանալի է, որ, լինելով էիզմի համակարգում շարունակական ճյուղավորումներ, հատորն ավելի մատչելի կլինի էիզմին ծանոթ անձանց կամ մտմտող շրջանակներին, իսկ առավել՝ մասնագետներին և այս նախասիրությամբ անհատներին»,-ասվում է աշխատության առաջաբանում:

Գրքի լույսընծայման գործում համեստ ներդրում է ունեցել «Արարատ համազգային համախմբում» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի նախագահը Սարգիս Զորանյանն է:

Ալեքսանդր Վարպետյանը ծնվել է ընտանիքում, որի արմատները Խոլ և Սասուն-Բիթիս մարզերից են և 1948 թվականին Մարսելից գաղթել են Հայաստան:

1968 թվականին նա ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի  ճարտարապետական ֆակուլտետը և 1970 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասանական բաժինը։ 1975 թվականին Մարսելում շարունակում է իր մասնագիտական գործունեությունը որպես ճարտարապետ, ազգագրագետ պրոդյուսեր, գրող, հրապարակախոս, հիմնականում հայագետ, ազգագրագետ և էաբան։

Նշված բնագավառներում Վարպետյանը արժանացել է ազգային և միջազգային մրցանակների։  Նա հրատարակել է «Արփիական», «Ովքե՞ր են ի վերջո արիացիները», «Ոգեկոչ», «Ինքնություն», «Էություն», «Արիականք», «էականք» և մի շարք այլ գրքեր:

Վարպետյանի գործերի, գործունեության վերաբերյալ արտահայտվել են Գառզուն, Ս.Փարաջանովը, Հ.Շիրազը, Հ.Սահյանը, Ա.Տերտերյանը, Վ.Համբարձումյանը, Վ.Իվանովը և ուրիշներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am