ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով

Armenpress 14:45, 30 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստվում: 

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից: ՀՔԾ-ից ասացին, որ նշված դեպքով դեռ քրեական գործ չի հարուցվել:

«Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում միջադեպի վերաբերյալ: Դրա շրջանակներում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու, բայց թե ովքեր են հրավիրվում` մանրամասներ չենք կարող հաղորդել»,- ասացին ՀՔԾ-ից:

Օգոստոսի 25-ին Ազգային ժողովի ամբիոնից ելույթ էր ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, երբ պատգամավորներից մեկը տեղից սկսեց արձագանքել Վահե Հակոբյանին, իր հերթին Վահե Հակոբյանն արձագանքեց. «արա-ն դու ես, այ տվար»:

Այդ արտահայտությունից հետո խորհրդարանում իրավիճակը  թեժացավ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց, որին էլ հաջորդեց  պատգամավորների միջև ծեծկռտուքը:

Մինչ այդ ԱԺ-ում ևս մեկ միջադեպ էր գրանցվել: Կառավարության ծրագրի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ նետեցին, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են: Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ էր նետել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am