Քաշքշուկ ոստիկանների և քաղաքացիների միջև. «Ֆիզգորոդոկ»-ում շենքի կառուցման դեմ բողոքող 2 անձ բերման է ենթարկվել

Armenpress 16:02, 20 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում (հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ») 12 հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչների և ոստիկանության միջև քաշքշուկ է տեղի ունեցել, կան բերման ենթարկված անձինք: 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2 անձ բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար:

Տարածքում բնակվող քաղաքացիները պնդում են, որ շենքի կառուցումն հակաօրինական է:

Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տրամադրել կառուցապատողին, այս ընթացքում թաղամասի մի խումբ բնակիչներ պայքարել են բազմաբնակարան շենքի կառուցման դեմ:  Բնակիչները փորձել են խոչընդոտել շինարարական աշխատանքներին, ինչի հետևանքով քաշքուկ էր առաջացել բնակիչների և ոստիկանության միջև:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am