ՌԴ-ի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է. Զախարովան պատասխանել է Ալիևին

Armenpress 18:23, 19 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին: 

«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխհարաբերություններ ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Տվյալ դեպքում, ռուսական կողմը հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը», - ասել է Զախարովան:

Մարիա Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա բաժանարար գծերը, փոխանակել ռազմագերիներին` «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով և ականապատ դաշտերի քարտեզները ամբողջ ծավալով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հերթական սանձարձակ հայտարարություն էր արել, մեղադրելով Ռուսաստանին իր ռազմավարական դաշնակցին` Հայաստանին զենք մատակարարելու մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am