1000х90.jpg (78 KB)

SPRING PR-ը՝ Միջազգային PR ասոցիացիայի IPRA GWA 2021-ի հաղթող

Armenpress 15:53, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան SPRING PR-ընկերությունը PR ոլորտի ամենախոշոր մրցանակաբաշխության՝ Միջազգային PR ասոցիացիայի «IPRA Golden World Awards- 2021»-ի հաղթող է։

IPRA Golden World Awards մրցանակաբաշխությունը PR աշխարհի ամենակարևոր, ազդեցիկ և հեղինակավոր ամենամյա իրադարձությունն է, այն PR ոլորտի «Օսկար» է համարվում։

SPRING PR-ը IPRA Golden World Awards-ում հաղթող ճանաչված առաջին հայկական ընկերությունն է։

SPRING PR-ընկերության համահիմնադիր և միջազգային նախագծերի տնօրեն Տաթևիկ Սիմոնյանը նշում է.

«Որպես հաղորդակցությունների ոլորտի ընկերություն՝ SPRING PR-ը միշտ առաջնորդվել է միջազգային ընդունված չափանիշներով և գրագետ ու էթիկական հաղորդակցությունններ վարելու սկզբունքներով։ Մեզ համար շատ կարևոր էր միջազգային հանրույթին Հայաստանը ներկայացնել հենց այս արշավով, ցույց տալ մեր խոհարարարական հարուստ մշակույթը, փորձը, և մեր երկիրը դիրքավորել որպես զբոսաշրջային ցանկալի ու պահանջված ուղղություն»։

Մրցանակաբաշխությանը SPRING PR-ը ներկայացել էր «Համերի ճանապարհ» մշակութային PR-արշավով, որը հաղթող է ճանաչվել Ճանապարհորդություն և զբոսաշրջություն (Travel and tourism) անվանակարգում:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ համատեղ մի քանի փուլով իրականացված «Համերի ճանապարհ» արշավի նպատակն էր հանրահռչակել հայկական խոհանոցը, հայկական խոհարարական ավանդույթների և հյուրընկալության սկզբունքները, խթանել Հայաստանում գաստրոնոմիական զբոսաշրջության ներուժի զարգացումը և բարձրացնել զբոսաշրջիկների ու տեղի բնակիչների շրջանում ազգային խոհանոցի ճանաչելիությունը։

«Համերի ճանապարհ» արշավը ներառում էր մի շարք նախագծեր՝ «Համերի ճանապարհ» ֆիլմը, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների մասնակցությամբ իրականացված մեդիա տուրերը Հայաստան, ինչպես նաև «GASTRO COUTURE»-ը՝ հայկական ավանդական խոհանոցի, մեր երկրի հյուրընկալության ավանդույթների կոնցեպտուալ հիմքով ստեղծված նորաձևության բացառիկ ցուցադրությունը։

«GASTRO COUTURE» -ը «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իրականացրել է «Հարմոնի Երևան» նորաձևության տան հետ համատեղ: Ստեղծարար էսթետիկայի երկու աշխարհների՝ խոհանոցի և նորաձևության յուրօրինակ համադրության արդյունքում է ծնվել այս նախագիծը, որի ոգեշնչման աղբյուրը ազգային խոհանոցն ու մշակույթն են:  

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշում է.

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության առաքելությունն է հայկական խոհանոցի և խոհարարական արվեստի ճանաչելիության բարձրացումն ամբողջ աշխարհում։ SPRING PR-ընկերության հետ մեր՝ տարիների համագործակցության ընթացքում իրականացված յուրաքանչյուր նախագծի հիմքում հենց այդ նպատակն է եղել,  միասին կյանքի կոչած մեր բոլոր համարձակ գաղափարներն ու ծրագրերը, միանշանակ, իրենց դրական ազդեցությունն են ունեցել Հայաստանում գաստրոտուրիզմի, զբոսաշրջության զարգացման, հայկական ավանդույթների պահպանման և տարածման գործում։ Հպարտ եմ, որ մեր գործընկեր SPRING PR-ը կարողացել է Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնել ըստ արժանվույն, և երկարատև ու հետևողական աշխատանք պահանջող այս արշավով ցույց տալ մեր երկրի մշակույթի ողջ գրավչությունը»։

Միջազգային PR ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շեպարդը, բարձր գնահատելով  SPRING PR-ընկերության «Համերի ճանապարհ» արշավը, ասաց.

«Ճանապարհորդություն և տուրիզմ անվանակարգում այս տարի հաղթող ճանաչվեց SPRING PR-ընկերության «Համերի ճանապարհ» արշավը։ Այս արշավն օգնեց հայկական ավանդական խոհանոցի մասին տեղեկությունները կիսել գաստրոնոմիկ նոր «փորձառությունների քաղց» զգացող աշխարհի հետ»»։

IPRA Golden World Awards-ին մրցանակները շնորհվում են տարբեր անվանակարգերում՝ զբոսաշրջության, հաղորդակցությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, առողջապահության եւ այլ ոլորտներում իրականացված հաջողված հաղորդակցային արշավների համար։

2019 թվականին SPRING PR-ի 10-ամյակի առիթով Ընկերության նախաձեռնությամբ Միջազգային PR ասոցիացիայի IPRA Golden World Awards 2019  մրցանակաբաշխությունն ու Գալա  ընթրիքն անցկացվեցին Երևանում։ Միջոցառմանը ներկա գտնվելու համար Հայաստան էին ժամանել շուրջ 120 փորձագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, խոշոր ընկերությունների բարձր օղակի ղեկավարներ, հաղորդակցությունների մասնագետներ 50-ից ավելի երկրներից։

IPRA Golden World Awards 2019-ին մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ Global Host Award  (Միջազգային հյուրընկալող) մրցանակը շնորհվեց SPRING PR-ընկերությանը՝ նման խոշոր միջոցառումը միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնելու և նոր նշաձող սահմանելու համար։

SPRING PR հետազոտական և PR-ընկերությունը հիմնադրվել է 2009թ. և մասնագիտացած է ռազմավարական PR-ի, միջոցառումների կազմակերպման, հաղորդակցությունների կառավարման և հետազոտությունների ոլորտներում: Ընկերությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք խոշոր, փոքր եւ միջին ձեռնարկությունների, պետական կառույցների, հասարակական եև բարեգործական կազմակերպությունների հետ:

SPRING PR-ի թիմն անդամակցում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների, ինչպիսիք են PR-ի միջազգային ասոցիացիան (IPRA), Հասարակայնության հետ կապերի կանոնակարգող ինստիտուտը (CIPR): Ընկերությունը հաղորդակցությունների ոլորտի այնպիսի հեղինակավոր մրցանակբաշխությունների մրցանակակիր է, ինչպիսիք են IPRA Golden World Awards-ը, Eventiada IPRA Golden World Awards-ը, C4F Davos Awards-ը (Communication for Future Davos Awards)։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am