Նախագահ Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Armenpress 13:19, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը` կապված սահմանային բնակչության իրավունքների խախտումների հետ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից:

Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերում ՄԻՊ-ի փաստահավաք աշխատանքների, բողոքների քննության արդյունքները: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքներով շարունակաբար խախտում են Հայաստանի Հանրապետության սահմանային համայնքների բնակիչների իրավունքները: Փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հրահրում են հրաձգություններ, իսկ ՀՀ զինված ուժերը կատարում են բնակչության պաշտպանության գործառույթ:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից այդ խախտումների փաստերն արդեն իսկ ներկայացվել են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am