Ռուս խաղաղապահները ժամանակակից մարտի վարման պարապմունքներ են անցկացրել Արցախում

Armenpress 21:59, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման զինծառայողները մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ժամանակակից մարտի վարման մարտավարություն են մշակել Ստեփանակերտի զորավարժարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:

«Վերանորոգման ստորաբաժանումների զինծառայողների համար ոչ ստանդարտ ուսուցում ներդնելու նպատակով փորձարկվել է վերանորոգման դասակի անձնակազմի կողմից կրակոցների բարդ վարժությունների իրականացումը: Անձնակազմը մտցվել է որոշակի մարտավարական իրավիճակի մեջ, որի լուծումը ենթադրում էր երեք մարտավարական առաջադրանքների իրականացում՝ ականապայթյունային խոչընդոտների հաղթահարում, նմանակված հակառակորդի փոքր խմբերին կրակ հասցնելը և ճակատամարտի ժամանակ կործանված զրահամեքենայի տարհանումը: Զինծառայողները կատարել են հանձնարարված առաջադրանքները: Պարապմունքները հասել են իրենց նպատակին», - նշել է զորավարժության ղեկավար Վյաչեսլավ Տերենտևը:

Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 100 զինծառայող:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am