1000х90.jpg (78 KB)

ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

Armenpress 18:14, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց 2014-ին Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպանված եզդիների հիշատակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստում ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ասաց. «Օգոստոսի 3-ին ամբողջ աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից ցեղասպանության ենթարկված և գազանաբար սպանված տասնյակ հազարավոր եզդիների հիշատակին»:

Խորհրդարանը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Բաքոյանը շարունակեց. «Մեր ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, որն ուղեկցվեց հրեշավոր գործողություններով, որոնք իրենց ծանր ազդեցությունն ունեցան և այժմ էլ ունեն մեր ազգային հիշողության, մտածելակերպի, ինքնության և դրա հետագա պահպանման վրա, առ այսօր շարունակում է վերքի նման զգացնել տալ, քանի դեռ միջազգային հանրության կողմից ճանաչման, դատապարտման, փոխհատուցման չեն հասել»:

Նա, հիշելով և ոգեկոչելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին, հարկ համարեց ևս մեկ անգամ կարևորել ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունն ու հրամայականը, ինչն ուղղված է հետագայում նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանը: «Ուստի, եթե 1915-ի կատարվածը միջազգային հանրության կողմից արժանանար ճիշտ գնահատականի, 2014-ին եզդիների նկատմամբ տեղի ունեցածը չէր լինի, քանի որ ցեղասպանությունը ցեղասպանություն է ծնում»,- ասաց Բաքոյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am