Արցախի նախագահը նշել է, որ առաջիկայում Մարտակերտը պետք է դառնա հանրապետության երկրորդ խոշոր բնակավայրը

Armenpress 18:15, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Նախագահը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին, Մարտակերտ քաղաքում շրջանի ղեկավարության և համայնքապետերի հետ քննարկել է  առկա խնդիրները ու տվել մի շարք հանձնարարականներ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը:

 Երկրի ղեկավարը ներկայացրել է Մարտակերտ քաղաքի զարգացման տեսլականը՝ նշելով, որ առաջիկայում Մարտակերտը պետք է դառնա հանրապետության երկրորդ խոշոր բնակավայրը: Դրան հասնելու համար մշակվում են տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման նախագծեր: Քաղաքի հիմնական խնդիրը բնակարանայինն է: Նախագահը մարտակերտցիներին առաջարկել է որոշումներ կայացնել  1990-ականների  պատերազմից մնացած ավերակները վերակառուցելու  կամ դրանց տեղը նոր բնակարաններ կառուցելու վերաբերյալ: Առաջիկայում Մարտակերտը առնվազն 500 նոր բնակարան կունենա: 

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝  նախագահն ընդգծել է, որ ներկա փուլում   անվտանգությունն ապահովվում է ԱՀ ՊԲ և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության միջոցով: Այդ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում լուծել նաև առօրյա կենսագործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Արայիկ Հարությունյանը մեկ այլ խորհրդակցություն է անցկացրել Մարտակերտի շրջանի բռնազավթված տարածքներում մնացած գյուղերի համանքապետերի հետ: Քննարկվել են բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր:  

Խորհրդակցությանը մասնակցել են  ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը,  քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am