ՃՇՀԱՀ-ի շրջանավարտներն ստացել են իրենց դիպլոմները Գառնիում

Armenpress 17:34, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առաջին անգամ իր շրջանավարտներին դիպլոմներ է հանձնել Գառնիում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, դիպլոմների հանձման օգոստոսի 3-ին կայացած  արարողությանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, նշանավոր ճարտարապետներ, շինարարներ։

Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են բուհի՝ 44-օրյա պատերազմում նահատակված ուսանողների հիշատակը. ՃՇՀԱՀ -ի ռեկտորն անուն առ անուն հնչեցրել է նրանց անունները:

«Այս համալսարանի շրջանավարտները պահանջարկված են մեր երկրի շինարարության և տնտեսության ոլորտներում։ Հույս ունեմ, որ ձեր մտքի թռիչքը կներդրվի մեր հայրենիքի, պետության զարգացմանը։ Շնորհավորում եմ, ի դեմս Ձեզ, սիրելի շրջանավարտներ, ապագայի ճարտարապետներին և շինարարներին։ Առաջ դեպի հաղթանակներ, նոր հորիզոններ, պայծառ ապագա»,- իր ելույթում ընդգծել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

«2020-2021թթ ուս տարվա՝ ճարտարապետության, շինարարության, քաղաքային տնտեսության և էկոլոգիայի, կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետների շրջանավարտների համար տարին հոբելյանական է՝ այս տարվա հոկտեմբերին կլրանա ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100 տարեկանը։ Մեկ դար շարունակ շրջանավարտները քարի ու բետոնի, ճշգրիտ հաշվարկների միջոցով կերտում և հավերժացնում են Հայաստանի պատմությունը, ինչպես նաև զարգացնում են վերը նշված ոլորտների գիտատեխնիկական հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 «Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ բուհն ավարտելու կապակցությամբ: Լիահույս եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կզարգացնի և կօգտագործի բուհում ստացած գիտելիքը, կդառնա բարձրակարգ մասնագետ և իր ներդրումը կունենա մեր երկրի զարգացման գործում: Մաղթում եմ մասնագիտական շարունակական հաջողություններ, ձեր ներուժն իրացնելու և երազանքներն իրականացնելու նոր հարթակներ»,- իր ելույթում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

Ըստ աղբյուրի՝ ջերմորեն շնորհավորելով շրջանավարտներին և նրանց ծնողներին, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին միջոցառմանը ներկա գտնվելու համար և պատգամել շրջանավարտներին երբևէ չդադարել սովորել։ Միաժամանակ, նա վստահեցրել է․«Ձեր հետագա հետաքրքիր գաղափարները և ծրագրերը համալսարանը միշտ պատրաստ է լսել և քննարկել՝ սա ձեր օջախն է, որի դռները միշտ բաց են ձեզ համար։ Առանձնակի ուզում եմ կարևորել մեր պրոֆեսորադասախոսական կազմի ներդրումը, որոնց ջանքերի շնորհիվ է, որ մեր շրջանավարտները իրենց տեղն են գտնում միջազգային ասպարեզում»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am