Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Armenpress 10:20, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Միխայիլ Մյասնիկովիչի  ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Մեծարգո Նիկոլ Վովայի,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անունից ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ բարձր պետական պաշտոնում Ձեր գործունեությունն այսուհետ ևս կնպաստի հայկական պետականության կայուն երկարաժամկետ զարգացմանը և եվրասիական ինտեգրման ամրապնդմանը: Ձեր կառավարման և միջազգային հարուստ փորձը, ինչպես նաև անձնական ուժեղագույն որակները հանդիսանում են ՀՀ կառավարության հաջող և արդյունավետ աշխատանքի գրավականը, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնասյունը:

Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջող գործունեություն՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և Եվրասիական տնտեսական միության»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am