Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Armenpress 17:15, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնը Դուք ստանձնում եք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար բախտորոշ ժամանակաշրջանում: Հայկական պետականությունը կանգնած է մեծամեծ մարտահրավերների առջև, որոնք հաղթահարել կարող ենք միասնությամբ՝ համախմբելով բոլոր կարող ուժերը:

Պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերը ամրացնելու, ներքաղաքական ու տնտեսական կայունություն ապահովելու հարցում ՀՀ նոր կառավարությունը մեծ անելիքներ ունի: Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները հաջողելու են միջազգային հարաբերություններում­ ՀՀ դերի ու վարկի բարձրացման հարցում և շարունակելու են հետևողական ու արդյունավետ աշխատել արցախահայության իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ էլ ավելի խորացնելով հարաբերությունները երկու հայկական հանրապետությունների միջև՝ հանուն մեր համազգային իղձերի իրականացման:

Հաջողություն եմ մաղթում Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում նշված և այլ մեծ մարտահրավերները արժանապատվորեն հաղթահարելու ճանապարհին»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am