Սուր ելույթների պակաս չի լինելու. Վանեցյանն առաջիկա անելիքների մասին

Armenpress 14:42, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խորհրդարան գալով չեն հրաժարվել իրենց հիմնական պահանջից, այն է՝ իշխանություններին րոպե առաջ հեռացնելը:

«Ազգային ժողովը լրացուցիչ հարթակ է, լրացուցիչ գործիք է, որը մենք օգտագործելու ենք մեր հիմնական նպատակին հասնելու համար: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե պետք է գանք այստեղ ու բնականոն ընթացքով աշխատենք, ապա սխալվում են: Մեր երկիրը չի գտնվում նորմալ վիճակում: Ընդդիմությունն անում է այն, ինչի գործիքակազմ ունի: Երկրի անվտանգության պատասխանատուն իշխանությունն է, և եթե այն չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, ապա ազնվորեն դա պետք է խոստովանի ու հեռանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե ինչպես է «Պատիվ ունեմ»-ը պատկերացնում խորհրդարանում համագործակցությունը իշխող ուժի հետ, Արթուր Վանեցյանը նշեց, որ եթե ԱԺ բերվի օրինագիծ, որը կբխի Հայաստանի ժողովրդի շահերից, ապա պատրաստ են, պարտավոր են համագործակցել ու կողմ քվեարկել: Այլ որևէ տարբերակում «Պատիվ ունեմ»-ը իշխանությունների հետ համագործակցություն հնարավոր չի համարում: Անդրադառնալով խմբակցության հնարավոր ակտիվ գործունեությանը Արթուր Վանեցյանը նշեց, որ այս Ազգային ժողովում սուր ելույթների պակաս չի լինելու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am