1000х90.jpg (78 KB)

Ազգային, հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա. Ամենայն Հայոց կաթողիկոս

Armenpress 10:49, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանն սկսվեց տերունական աղոթքով, որը հնչեցրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով և շնորհավորում նորընտիր պատգամավորներին: Այսօր Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների՝ հանդիման Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումների: Հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար պետական քաղաքական գործիչների և ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական պատասխանատվության գիտակցումը հրամայական է: Բոլորիս ձգտումն է մեր Հայրենիքի առաջընթացն ու անվտանգությունը, խաղաղ, բարեկեցիկ կյանքը, որը մեծապես կախված է օրենսդիր մարմնի ու ձևավորվող կառավարության գործունությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ ընդգծելով, որ արդարությունն ու օրինականությունն են գրավականը երկրի և ժողովրդի բարգավաճման:

Նրա խոսքով, երկրում տիրող ծանր վիճակում, տարածաշրջանում առկա բարդ հանգամանքում ատելության, վրեժխնդրության փոխարեն կենսականորեն անհրաժեշտ են միասնությունն ու հանդարտությունը, հուզումների ու լարվածության թոթափումը:

«Ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային, հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա: Այս խորհրդարանից, կառավարման համակարգից պետք է սերմանվեն սերը, փոխհասկացողությունը, բարի կամեցողությունը: Խորհրդարանի գործունեության ընթացքում հնչող քննադատությունը թող լինեն միայն կառուցելու, սխալները շտկելու նպատակով: Քաղաքական տեսակետների ու բազմակարծության հետ մեկտեղ՝ մեր Հայրենիքի և ժողովրդի լուսավոր ապագայի կերտման ձգտումով աշխատեք համախմբված, մեր պետության անսասանության ներքին ու արտաքին մարտահրավների հաղթահարման, արտագաղթի կանխման, Սփյուռքի հետ կապերն ու գործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ջանքերով: Ամուր պահեք հավատարմությունը հոգևոր, ազգային արժեքների նկատմամբ»,- նշեց Կաթողիկոսը: Նա ընդգծեց, որ Ազգային ժողովի առաքելությունը պետք է արգասավորվի ցանկալի արդյունքներով՝ հանուն Հայրենիքի առաջընթացի, ժողովրդի խաղաղ ու ապահով, արժանապատիվ կյանքի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am