Հոռոմ համայնքում ամբողջապես կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Armenpress 13:42, 31 Հուլիս, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 31  ՀՈւԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավարտին են մոտենում Արփի համայնքի Ծաղկուտ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում  է «Արմենպրես»-ը, ծրագրի ընդհանուր արժեքը 8 մլն դրամ է, գումարի 59 տոկոսը տրամադրել է պետությունը, 41-ը՝ համայնքը։ Անցկացվել են ներքին և արտաքին ջրագծեր, կոյուղագիծ, հատակը բետոնապատվել և սալիկապատվել է։ Ներքին հարդարման աշխատանքները շուտով կավարտվեն, ծրագրի ավարտը նախատեսված է օգոստոս ամսին։

Նույն  ծրագրի շրջանակներում մարզի  Հոռոմ համայնքում էլ 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը։

«Գիշերային լուսավորության ցանցի ամբողջականացումը կիրականացվի 150 նոր հենասյուների և 150 նոր լուսատուների տեղադրման արդյունքում։ Հոռոմի սուբվենցիոն ծրագիրն արդեն մեկնարկել է, աշխատանքներն ընթացքի մեջ են։ Արտաքին լուսավորության ցանցի բարելավման ծրագրի արժեքը 18 մլն 467 հազար դրամ է, գումարի 60 տոկոսը կտրամադրի պետությունը, համայնքի համամասնությունը 40 տոկոս է»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am