1000х90.jpg (78 KB)

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց ՀՀ-ում առաջին տեսաձայնային նամականիշը՝ նվիրված հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին

Armenpress 18:29, 30 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիս Առնո Բաբաջանյանի 100-ամյակի կապակցությամբ «ՀայՓոստ»-ը մարեց և շրջանառության մեջ դրեց «Մեծանուն հայեր. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը» թեմայով նամականիշ-գեղաթերթիկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարումն իրականացրին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով՝ գեղաթերթիկն իր ձևաչափով եզակի է իր ձևաչափով:

«Առաջին անգամ թողարկել ենք տեսաձայնային նամականիշ: Շարունակելու ենք մեր նորամուծությունները հայկական ֆիլատելիայում, և, վստահ եմ, որ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնեն նամականիշերի նկատմամբ»,- նշեց Կարապետյանը:

Դավիթ Սահակյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց նամականիշի ստեղծողներին:

«Նման նամականիշները լավ PR-գործիք են մեր մշակույթն ամբողջ աշխարհում տարածելու համար, որպեսզի տեղեկացնենք մեր մեծերի կատարած աշխատանքների մասին»,- ասաց ԲՏԱ փոխնախարարը:

Արա Խզմալյանն էլ բարձր գնահատեց ՀայՓոստի հետ համագործակցությունը:

«Մենք փորձ ունենք հուշարձանների հանրային իրազեկմանն ուղղված նամականիշների թողարկման առումով, վերջերս թողարկեցինք Սպենդիարյանին նվիրված նամականիշը: Այսօր մարում ենք մեր մեծանուն կոմպոզիտորին նվիրված նամականիշը, ում անունը դարձել է լավատեսության ու կենսասիրության խորհրդանիշ: Կարծում եմ՝ հիմա առավել ևս անհրաժեշտ է հնչեցնել Բաբաջանյանի անունն ու նրա երաժշտությունը»,- ասաց Խզմալյանը:

Հովիկ Մուսայելյանը նշեց, որ Բաբաջանյանին նվիրված նամականիշի մարումով մեծարվում է ազգային հպարտություններից մեկը:

«Բոլոր ազգերն էլ ունենում են մեծություններ, բայց քչերն են լինում խարիզմատիկ: Առնո Բաբաջանյանը եղել է հենց այդ քչերից, և հպարտ եմ, որ մի ամբողջ սերունդ դաստիարակվել է նրա երաժշտության շնորհիվ»,- ասաց Մուսայելյանը և հավելեց, որ մեծ ուրախություն է նոր տեխնոլոգիաների գործածությամբ նման նամականիշ ունենալը:

1000 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանը: Գեղաթերթիկի վրա պատկերված է Արամ Խաչատրյանի համերգասրահը, «100-ամյակ» և «Առնո Բաբաջանյան» գրառումները՝ հայերեն և անգլերեն: Գեղաթերթիկի ստորին աջ անկյունում տեղադրված է ARLOOPA հավելվածի նշանը: Ներբեռնելով հավելվածը և սկանավորելով գեղաթերթիկը՝ հնարավոր է վայելել Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը՝ իր իսկ կատարմամբ: Ընդհանուր առմամբ, թողարկվել է 30 հազար նամականիշ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am