Սահակաշվիլին խոստացել է աշնանը վերադառնալ Վրաստան

Armenpress 21:58, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ այս աշնանը կժամանի Վրաստան, չնայած նրան, որ հայրենիքում գտնվում է հետախուզման մեջ:  

«Վրաց ժողովուրդը ցանկանում է արժանապատիվ կյանք և աղքատության հաղթահարում: Ժողովուրդը հոգնել է ապրել ճահճի, հուսահատության մեջ, որտեղ միակ հեռանկարը, որ ներկայացվում է մարդկանց, դա երկրից վտարումն է: Այդ ընտրություններն ամեն դեպքում տեղի կունենան և ես կիրականացնեմ իմ պարտքը, որը ստանձնել եմ ժողովրդի և պատմության առաջ: Այս անգամ կժամանեմ Վրաստան՝ քաղաքացիական հանրաքվեից առաջ: Այս անգամ Իվանիշվիլին չի կարողանա տրորել վրաց ժողովրդին, նրա կառավարումն ավարտվել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Սահակաշվիլին «Ֆեյսբուք»-ի եթերում:         

Սահակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին, որտեղ նրա դեմ քրեական գործեր են հարուցել, որոշ գործերով նա հեռակա դատապարտվել է: Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կձերբակալեն Սահակաշվիլիին, երբ նա կհատի Վրաստանի սահմանը:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am