Ֆիլիպ Ռիքերն Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում կարևորել է հայ- ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորումը

Armenpress 21:16, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը hուլիսի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Արմեն Գրիգորյանը զրույցի ընթացքում դատապարտել է հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինված ուժերի իրականացրած հարձակումը, որը նա որակել է որպես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված բացահայտ ոտնձգություն։ «Ընդգծվեց, որ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման և շարունակական սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծվել է լարված իրավիճակ, որը հնարավոր կլինի հաղթահարել ադրբեջանական զինված ուժերի՝ ելման դիրքեր վերադարձից հետո:

Այս առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարն ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման և այս ուղղությամբ դեէսկալացիայի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, որն ուղղված կլինի ղարաբաղյան հիմնահարցի համապարփակ կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են հակամարտության մարդասիրական հետևանքներին։ Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը դատապարտելի է համարել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքներով քրեական գործերի հարուցումը՝ դրանք որակելով որպես Ադրբեջանի կողմից ստանձնված պարտավորությունների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։

Արմեն Գրիգորյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում համագործակցության հետագա ծավալման հեռանկարները՝ առանձնահատուկ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am