Գեղարքունիքի մարզպետը տեղյակ չէ հրադադարի պայմանավորվածության մանրամասներին

Armenpress 15:31, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղի ունեցած զինված բախումներից հետո ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության մանրամասներին տեղյակ չէ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Սանոսյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Պայմաններից տեղյակ չեմ, չգիտեմ՝ ընդհանրապես, եղել է պայման, թե չէ. գիտեմ, որ եռակողմ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ այսինչ ժամին կրակը պետք է դադարեցնել և հաստատել հրադադար: Գիշերը հակառակորդը հրադադարը խախտել է, հիմա նորից հրադադար է: Մնացածը մարզին, մարզպետարանին չի առնչվում»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները նշում են, որ չունեն արոտավայրեր ու ստիպված են էժան գներով վաճառել անասուններին, մարզպետն արձագանքեց. «Ոչ թե  արոտավայրեր չունեն, այլ կան որոշ արոտավայրեր, որոնցից օգտվելու դժվարություններ կան, ինչը բերել է արոտավայրերի չափի կրճատման։ Բացի այդ, այս տարի ողջ հանրապետությունում կա խոտի պակաս, ինչը նշանակում է, որ ձմռանը կարող ենք խնդիրներ ունենալ: Այո, այդպիսի խնդիր կա: Մենք որոշ տեղերում բանակային կորպուսի հետ համագործակցել ենք և նրանք աջակցել են, որ և անասունների արածեցման պրոցես կազմակերպեն, և խոտի հավաքման»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am