Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպերին և դրանք խթանելու քայլերին

Armenpress 14:14, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նախատեսվող քայլերը, որոնք արվելու են Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպը բարձրացնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ ինքը մշտապես նշել է, որ Հայաստանում արդյունքները պատվաստումների առումով այնքան էլ գոհացուցիչ չեն: «Բայց մեզ գոհացնում է պատվաստվել ցանկացողների թվի անընդհատ աճը: Ես լիահույս եմ, որ պատվաստանյութերի նոր խմբաքանակի գալով  էլ  այդ տեմպը կաճի, և մենք ճիշտ ժամանակին՝ մինչև տարվա վերջ, հնարավորություն կունենանք հասնել մեր դրած թիրախներին»,- ասաց Ավանեսյանը:

Անդրադառնալով սահմանափակումների վերաբերյալ  նախապատրաստվող փաթեթի մասին հարցին՝ Ավանեսյանը մանրամասնեց, որ հանրային ծառայությունների ոլորտում, այն աշխատատեղերում, որտեղ շփումները բավական լայն են, և քաղաքացիները ռիսկի խմբի ներկայացուցիչ են, առաջարկում են դնել  ժամանակ առ ժամանակ թեստավորման պահանջ:

«Այն, որ պատվաստումների տեմպը արագանում է և շատ ավելի մեծ թվով քաղաքացիներ օրեկան դիմում են պատվաստման համար, ցույց է տալիս, որ վստահություն  կա պատվաստումների նկատմամբ: Վստահ եմ, որ մեր քաղաքացիները ավելի շատ կդիմեն պատվաստման համար: Իհարկե, պատվաստումների նկատմամբ նախնական մտավախությունները, ապատեղեկատվությունը, մեծ դեր խաղացին, որ սկզբնական շրջանում Հայաստանում քաղաքացիներն այնքան էլ ակտիվ չէին: Սա պրոցես է, մենք շատ հանգիստ ենք վերաբերվում: Լայնածավալ պատվաստումային գործընթացը սովորական գործընթաց չէ, և, այո, քաղաքացիները պետք է ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, իսկ դա ժամանակ է պահանջում»,- ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am