1000х90.jpg (78 KB)

ՍԱՏՄ-ն Սյունիքում կասեցրել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

Armenpress 10:54, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներից հետո կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի գործունեությունը (գ. Խնձորեսկ): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը տեղեկացնում է, որ կասեցման հիմք են ծառայել հայտնաբերված խախտումները: Մասնավորապես՝ աշխատանքներն ավարտելուց հետո արտադրական, կենցաղային և օժանդակ սենքերը չեն լվացվել և ախտահանվել ներկայացվող հիգիենիկ պահանջներին համապատասխան, սարքավորումներն ապահովված չեն եղել չափիչ և ստուգիչ սարքավորումներով, կաթնամթերքի փաթեթավորման համար օգտագործվող նյութերը չեն բավարարել տեխնիկական կանոնակարգերի պահանջները և հանդիսացել են սննդամթերքի աղտոտման աղբյուր, բուն փաթեթավորման գործընթացները չեն կատարվել փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունն ապահովող, սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում:

Չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցը չի անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություններ, բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը: Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am