1000х90.jpg (78 KB)

Ապրել Ղրիմում՝ Արարատի կարոտով...

Armenpress 09:40, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող». Մովսես Խորենացու այս խոսքերը փորագրված են Հովհաննես Այվազովսկու շիրմաքարին, նրա, ում մեծարում է աշխարհը, ում անունը սեփական մշակույթի հանրագիտարանում ունենալու այլազգիների ցանկությունը երբեմն անցնում է սեփականության իրավունքի սահմանները…

Մշակույթն իսկապես սահմաններ չի ճանաչում` ո՛չ ժամանակային, ո՛չ տարածքային, ո՛չ սոցիալական, ո՛չ դասային, ո՛չ էլ անգամ ազգային, քանզի այն համամարդկային է ու հավերժական, բարձր ու վսեմ` հորիզոնի այն գիծը, ուր պետք է ուղղված լինի բանական մարդու հայացքը` որպես կյանքի իմաստի որոնում… Այո, մշակույթի պտուղները պատկանում են բոլորին, ով ցանկանում է վայելել այն, ինչպես ծառի բերքը, բայց որպես եւ ծառը, մշակույթն արարողն ունի արմատներ, որի տերը հողն է, այլ կերպ` այն ժողովուրդը, ազգը, ով ծնել է արարողին…

Տվյալ դեպքում խոսքը Հովհաննես Այվազովսկու մասին է, ում հայ լինելը հաճախ «մոռանում» են նաեւ մեր ոխերիմ «բարեկամները» եւ փորձում յուրացնել նրա անունն ու գործը` վիճարկելով ոչ միայն Ղրիմը` որպես տարածքային միավոր, այլեւ Ղրիմի հետ սերտորեն կապված մեծ ծովանկարչի ազգային պատկանելությունը։ Այն, որ ռուսները Այվազովսկուն հպարտորեն համարում են ռուս ծովանկարիչ, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, քանզի Այվազովսկին կյանքի մեծ մասն անցկացրել է Ղրիմում` ռուսական միջավայրում, եւ շատերի մտքով անգամ չի անցել, թե Այվազովսկին կարող է հայ լինել, սակայն սա խնդրին զուտ կենցաղային մոտեցում է. բավական է ուսումնասիրել նրա արվեստը, եւ կասկած չի մնա, որ Այվազովսկին բնույթով, մտածողությամբ ու փիլիսոփայությամբ, պատմության ու ժամանակի բերումով խիստ հայկական արմատներ ունի…

Մի անգամ Թեոդոսիայի` Այվազովսկու անվան պատկերասրահում էքսկուրսավարուհու հետ վիճեցինք Այվազովսկու` ինչ ազգի պատկանելու մասին։ Նա համառորեն պնդում էր, թե Այվազովսկին ռուս է, իսկ մենք պնդում էինք նրա` հայկական ծագում ունենալը եւ հայ լինելը։ Ի վերջո, բաժնի վարիչը, ում օգնությանը դիմեց էքսկուրսավարուհին, ինչ-որ նկարազարդ հաստափոր գիրք բերեց, որտեղ պարզ գրված էր Այվազովսկու հայ լինելու մասին։ Էքսկուրսավարուհին, իհարկե, ներողություն խնդրեց, թեեւ պետք է խոստովանել, որ ռուսական հրատարակության ոչ բոլոր գրքերում ու հանրագիտարաններում է նշված Այվազովսկու` հայ լինելու մասին։

Հետաքրքիրն այն է, որ Այվազովսկու մասին խոսելիս սովորաբար մոռանում են հիշել նրա կենսագրական տվյալները, այն, որ նա ծնվել է Կոստանդին (Գեւորգ) եւ Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թ. հուլիսի 17 (հին տոմարով՝ հուլիսի 29)-ին։ Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Յովհաննէսը՝ Գեւորգ Այվազեանի որդին»։ Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, որոնք XVII դարում Գալիցիա էին գաղթել Արեւմտյան Հայաստանից։ Բացի այդ, Հովհաննեսն ունեցել է երեք քույր եւ եղբայր` Սարգիս (արքեպիսկոպոս Գաբրիել) Այվազովսկին, որ Մխիթարյան միաբանության անդամ էր, հայ բանասեր։ Էլ չասած Հովհաննեսի երկրորդ կնոջ` Աննա Բուռնազյանի մասին Այվազովսկու հայտնի խոստովանությունը, թե «Աննան ինձ ավելի մոտեցրեց իմ ժողովրդին»։ Իսկ թե որքան նշանավոր հայերի հետ կապեր ուներ Հովհաննես Այվազովսկին, թվարկելն անհնար է։

Արեւմտյան Հայաստանին տիրած ցեղախումբը, ինչպես դարերի ընթացքում, այնպես էլ հիմա ինչ-որ հավակնություններ է ցուցաբերում՝ յուրացնելու հայկական մշակույթը, այդ թվում եւ Այվազովսկու անունը` տեղյակ չլինելով անգամ նրա այն գործերից, որ մատնացույց են անում ինչպես հեղինակի ով լինելը, այնպես էլ իրե՛նց ով լինելը։ Իհարկե, Այվազովսկու կյանքում կա այնպիսի մի դրվագ, երբ նա մի քանի պատկեր է նկարել օսմանյան սուլթանի համար, որ ներկայում թուրքական թանգարանում են, սակայն մի՞թե դա փոխում է Այվազովսկու ազգությունը. նույն տրամաբանությամբ կարելի է, գուցե, հայ համարել, ասենք` Ռաֆայելին, Էլ Գրեկոյին կամ Վան Գոգին, եթե Հայաստանի պատկերասրահում հանդիպենք նրանց կտավներին… Ինչ վերաբերում է սուլթանի համար արված կտավների դիմաց սուլթանից շքանշան ստանալուն, Այվազովսկին այդ շքանշանը կապել է շան վզից, այնուհետեւ շպրտել ծովը, երբ Թուրքիայում 1890-ականներին սկսվել են հայերի կոտորածները։ Նա խորապես ազդվել  է թուրքական լծի տակ տառապող հայրենակիցների վիճակից ու դառը ճակատագրից, ապաստան է տվել, նյութապես օգնել կոտորածից Ղրիմ փախած հայ գաղթականներին, ճանապարհորդությունների ընթացքում հանդիպել աշխարհում սփռված հայության հետ, օգնել ազգային կազմակերպություններին, դպրոցներին, նվիրել նկարներ, ցուցահանդեսներ բացել, փորձել միավորել այլուրեք ստեղծագործող բոլոր հայ նկարիչներին, բացել համատեղ ցուցահանդեսներ, զարգացնել հայ կերպարվեստը։ Այվազովսկու հասարակական ու ստեղծագործական աշխատանքները փոխպայմանավորված ու փոխլրացված էին  նրա զգացմունքներով, աշխարհայացքով ու կյանքի իմաստային փիլիսոփայության ելեւէջումներով։

Իհարկե, աշխարհի համար նա մեծ ծովանկարիչ է, սակայն ծովը զուտ արտաքին հմայք ու պատկեր չէ, այլ կյանքի իմաստնության խորքից բխող ընդվզումի 9-րդ ալիք, աշխարհստեղծման քաոս ու լույսին ձգտելու պայքարի կերպ, պատմություն ու ժամանակ, ասելիք ու զրուցելիք… Ասելիք, որ բխում էր մարդկային հոգու ընդերքում վարարած ծովալիքներից, որոնց հայելանման պատկերն անդրադառնում էր բնության պարգեւած մի այլ` մեզ համար իրական ծովի մակերեսին, մակերես, որի վրա էլ կարծես «կախարդ նկարիչը» վրձնում էր մարդկային հոգու խռովահույզ տարերքը… Ու հենց սա է այն գաղտնիքը, որ Հովհաննես Այվազովսկուն դարձնում է անհամեմատելի այլ ծովանկարիչների հետ… Ողջ հուզական աշխարհը դնել կյանքի աղբյուրի` վարարուն ջրի մակերեսին, տառապել ու ապրել, ձուլվել նրան ու անմահանալ նրանով…

Կարելի է պատկերացնել, թե ինչ ապրումներ ունեցավ սուլթանի համար արված կտավների համար մեծ ծովանկարիչը, երբ 1890-ական թվականներին սկսվեցին հայկական կոտորածները, ու նա մեկը մյուսի հետեւից սկսեց կտավին հանձնել այդ դաժան օրերի վկայությունները` «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» եւ նման սահմռկեցուցիչ պատկերներով աշխատանքներ։ Անգամ կյանքի վերջին օրը` 1900 թ. ապրիլի 19-ին (մայիսի 2) նա ենթաշրջանակին քաշեց մաքուր կտավն ու փորձեց իրագործել վաղեմի հղացումը` «Թուրքական նավի պայթեցումը», որ կտավի վրա անմահացնելու էր հույն մարտիկ Կոնստանտին Կանարիսի սխրանքը՝ Քիոս կղզու մոտ թուրքական ծովակալական նավի պայթեցումը։ Ցավոք, նկարը մնաց անավարտ. գիշերվա ընթացքում` քնի մեջ, մեծ նկարիչը հրաժեշտ տվեց կյանքին՝ գուցե երազում արդեն իսկ ավարտած տեսնելով հղացումը` անհրաժեշտաբար վերջակետ դնելով թե՛ կյանքին, թե՛ հղացմանը…

Սակայն թյուրըմբռնում կլինի կարծել, թե հնարավոր է վերջակետ դնել այնպիսի մի կյանքի, ինչպիսին Հովհաննես Այվազովսկունն էր, եւ այնպիսի հղացումների, ինչպիսիք՝ նրանն էին. Արարատ լեռան հավերժությունն է նրա` «Արարատ», «Արարատ լեռան հովիտը» եւ հայ ժողովրդի հավերժությունը` «Նոյն իջնում է Արարատից», «Հայ ժողովրդի մկրտությունը» եւ հայ ժողովրդի հույզերն արտահայտող այլ կտավների վրա…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am