Թունիսում հարաբերական անդորր է. Վաշինգտոնն ու Բրյուսելը կայունության կոչ են անում

Armenpress 21:57, 27 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսի մայրաքաղաքում հարաբերական անդորր է հաստատվել կառավարական զորքերի քաղաք մտնելուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Եվրոնյուզ»-ը՝ նշելով, թե այդ ֆոնին միջազգային հանրությունը զգուշավոր վերաբերմունք է ցույց տվել քաղաքական այն փոփոխությունների մասին լուրերին, որոնք տեղի են ունեցել երկրում նախագահ Կաիս Սաիդի որոշմամբ:

«Եվրոնյուզ»-ի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգները կոչ է արել Թունիսի իշխանություններին հավատարիմ մնալ ժողովրդավարական սկզբունքներին, իսկ Եվրամիությունը՝ շուտափույթ կերպով վերականգնել ինստիտուցիոնալ կայունությունը Թունիսում:

Թունիսում քաղաքական ճգնաժամը հաջորդել էր սանիտարականին: Կորոնավիրուսից մարդկանց մահացության ցուցանիշը այս երկրում ամենաբարձրերից է աշխարհում: Վերջին շաբաթներին Թունիսում բողոքի զանգվածային ակցիաներ էին տեղի ունենում: Հուլիսի 25-ին Թունիսի նախագահը որոշում կայացրեց դադարեցնել խորհրդարանի աշխատանքը, զրկեց պատգամավորներին անձեռնմխելիությունից և պաշտոնանկ արեց վարչապետին: Ընդդիմադիր իսլամիստական «Էն-Նահդա» կուսակցությունը Սաիդի գործողությունները որակեց որպես սահմանադրական հեղաշրջում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am