Էստոնիայի վարչապետը դադարեցրել է արձակուրդը՝ պատվաստումների գործընթացում առաջացած խնդիրների պատճառով

Armenpress 21:33, 27 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը դադարեցրել է արձակուրդը՝ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացում առաջացած խնդիրների պատճառով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին երկրի վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր ես դադարեցրեցի իմ հնգօրյա արձակուրդը, քանի որ պետական վերահսկողության վերլուծությունը, ինչը ես խնդրել եմ իրականացնել կորոնավիրուսի երկրորդ ալիքի ժամանակ հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ, սևով սպիտակի վրա ցույց է տալիս լուրջ խնդիրներ՝ պատվաստումների կազմակերպման գործընթացում»,- նշել է Կալլասը:    

Համաձայն Վերահսկողական ծառայության վերլուծության, Էստոնիայի պահեստներում կան չօգտագործված հազարավոր պատվաստանյութեր:

«Միաժամանակ, Էստոնիայում կան հարյուր հազարավոր մարդիկ, որոնք ցանկանում են և պատվաստանյութի կարիք ունեն, բայց ինչ-որ պատճառներով դրանք չեն ստացել: Սա անթույլատրելի իրավիճակ է»,- հայտարարել է Էստոնիայի վարչապետը:

Վարչապետը հավելել է, որ Առողջապահության և աշխատանքի նախարար Թանել Կիիկից, ով պատասխանատու է պատվաստումների համար, պահանջում է առարկայական պատասխաններ և խնդիրների լուծման հստակ ժամկետներ:

Էստոնիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 624 հազար 720 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 56,22% -ը, ընդ որում  պատվաստումների կուրսն ավարտել է 548 հազար 830 մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am